28/03/2023 19:09
Ֆրանսիայում սոցհարցում են անցկացրել, 70 տոկոսը դեմ է կենսաթոշակային բարեփոխումներին
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների պատճառով մեկնարկած զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշն անկում է գրանցել, այդ մասին են վկայում BVA կազմակերպության կողմից անցկացված վերջին սոցհարցման տվյալները։
Սոցհարցման մասնակիցների 28 տոկոսն է միայն հայտարարել, որ աջակցում է Մակրոնի ձեռնարկած բարեփոխումներին, ինչը, սոցիոլոգների ամփոփմամբ, 6 կետով ավելի քիչ է փետրվարին Մակրոնին աջակցություն հայտնածների թվից։
«Այսպիսով, Ֆրանսիայի նախագահի վարկանիշը մոտենում է ամենացածր՝ 26 տոկոս շեմին, որը գրանցվել է 2018 թվականի նոյեմբերին՝ «դեղին ժիլետների» շարժման ամենաակտիվ փուլում»,-հայտարարել են BVA-ի սոցիոլոգները։
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի վարկանիշին, ապա այն նույնպես նվազել է մինչև 28 տոկոս, դա ամենացածր նիշն է՝ նրա պաշտոնավարումից ի վեր։
Սոցհարցման մասնակիցներին հարցեր են ուղղվել նաև կենսաթոշակային բարեփոխումների նախաձեռնության վերաբերյալ։ Հարցվածների 70 տոկոսը դեմ է կենսաթոշակային տարիքի բարձրացմանը, 64 տոկոսը աջակցում եէգործադուլների և բողոքի ակցիաների անցկացմանը՝ ընդդեմ բարեփոխումների իրականացման։
Հարցումն անցկացվել է մարտի 24-25-ը՝ 18 տարեկանից բարձր 1 000 անձանց շրջանում։