28/03/2023 13:04
Արցախը պատրաստ է հանդիպել ադրբեջանական կողմի հետ, բայց ոչ թե Բաքվում, այլ՝ ռուս խաղաղապահների հրամանատարության տեղակայման վայրում
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև Բաքվում ապրիլի սկզբին հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հերթական առաջարկի կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն վերահաստատել է Արցախի Հանրապետության իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն ադրբեջանական կողմի հետ հնարավոր քննարկումների, դրանց կազմակերպման եղանակների և նպատակների վերաբերյալ։
«Արցախի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման օգտին։ Մենք երբեք չենք հրաժարվել ադրբեջանական կողմի հետ շփումներից, որի ապացույցն են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև անցկացված հանդիպումներն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ:
Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը։ Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ երեք օր առաջ՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, հատել են շփման գիծը և առաջխաղացում կատարել դեպի Արցախի Հանրապետության տարածքի խորքը՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ։ Ավելին, մարտի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ անգամ փորձել են վերահսկողության տակ առնել նշված ճանապարհը, որը Շուշիի շրջանի համայնքների և հանրապետության այլ բնակավայրերի միջև արտակարգ կապի միակ հնարավորությունն է շրջափակման պայմաններում։
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը, նախորդ հանդիպումների անցկացման արդեն իսկ ձևավորված պրակտիկայի համաձայն, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեության ապահովման և կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման, մասնավորապես, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։ Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վերաբացման և շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար, ենթակառուցվածքային և այլ հրատապ խնդիրների լուծումը։ Արցախի իշխանությունները բաց են նաև այլ հարցերի քննարկման համար, որն ուղղված կլինի ոչ թե ադրբեջանական կողմի պատրաստի լուծումների պարտադրմանը, այլ իրավիճակի կայունացման և լարվածության հետագա սրումը կանխելու ուղղությամբ փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը։
Կրկին ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի շրջափակման շարունակումը և Արցախում հումանիտար ճգնաժամի սաստկացումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում երկխոսության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ միայն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռի համաձայն, կարող է վկայել առանց հարկադրանքի և ուժի կիրառման, երկխոսության և բանակցությունների միջոցով, խնդիրները լուծելու Ադրբեջանի պատրաստակամության և շահագրգռվածության մասին։
Եվս մեկ անգամ շեշտում ենք տեխնիկական և հումանիտար հարցերի լուծման շուրջ երկխոսության քաղաքականացման անթույլատրելիությունը և ընդգծում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում»,- ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարությունում։