28/03/2023 10:18
«Հրապարակ». Իշխանությունը հասկացել է՝ ԺՊ-ի կազմակերպած ընտրություններում, որպես կանոն, ԺՊ-ն էլ ընտրվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս իշխանությունը հրաշալի հասկացել է մի բան` ով զբաղեցնում է տվյալ պաշտոնը, լինի` համայնքապետի, թե` վարչապետի, թեկուզ ժամանակավոր հիմունքներով, նրա` ընտրվելու շանսերը կրկնապատկվում են: Դա է պատճառը, որ ՔՊ-ն բոլոր այն համայնքներում, որտեղ պետք է ընտրություն տեղի ունենա, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում ոչ թե նախկին համայնքապետին, այլ ՔՊ-ի թեկնածուներին: Այդպես արեցին Սիսիան ու Անի համայնքներում: Այդպես են անում Երևանում: ԺՊ-ի կազմակերպած ընտրություններում, որպես կանոն, ԺՊ-ն էլ ընտրվում է:
Օրինակ, Անի համայնքում ընտրությունները կայացան սեպտեմբերի 25-ին, և դեռևս գործող համայնքապետ Արտակ Գևորգյանը, որի ժամկետն ավարտվում էր նոյեմբերի 11-ին, 49 տոկոս ձայն ստացավ: Իսկ մարտի 26-ի ընտրություններում համայնքապետի ԺՊ-ն ՔՊ-ական Արման Սարիբեկյանն էր, ով 50 տոկոսից ավելի ձայն հավաքեց` պարտության մատնելով 18 տարվա նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանին»։