28/03/2023 17:43
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում ուսանողը ծեծել է ամբիոնի վարիչին․ Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Հարություն Բաբայանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի իր աշխատասենյակում Երևանի բնակիչ՝ 21-ամյա Ալբերտ Նիկոլյանը ուսումնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել իր գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ կեսգիշերին մոտ Ա․ Նիկոլյանն ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն, որտեղից էլ նրան ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հ․ Բաբայանը աշխատում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում որպես ամբիոնի վարիչ, իսկ Ա․ Նիկոլյանը նույն ինստիտուտի ուսանող է։