28/03/2023 12:29
«Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել». Էդգար Ղազարյանը չի կարծում, որ իրեն կասեն «ընդդիմության իրավունքների պաշտպան»
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը։
Aysor.am-ի հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասաց, թե իրեն ՄԻՊ պաշտոնում առաջադրելու նախաձեռնությունը պատկանում է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժմանը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տևական ժամանակ Ազգային ժողովի խմբակցություններից ոչ մեկը չէր առաջադրում Մարդու իրավունքների պաշտպանի թեկանծու, «Միասին» նախաձեռնությունը, որի անդամ եմ նաև ես, քննարկման արդյունքում որոշեց դիմել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ դիտարկելու իմ թեկնածությունը, որից հետո խմբակցությունները միասնաբար որոշում են կայացրել իմ թեկնածությունն առաջադրելու մասին»,- նշեց Ղազարյանը։
Նա գրավոր տվել է իր համաձայնությունն ու անհրաժեշտ փաստաթղթերը. առաջիկայում նախատեսում է հանդիպում-քննարկում ունենալ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորների հետ։
Ինչպե՞ս է պատկերացնում՝ ընտրվելու դեպքում ո՞նց է աշխատելու իշխանության հետ՝ ընդդիմության ՄԻՊ թեկնածուն ասաց՝ կարծում է, որ իր փորձառությամբ, իր գիտելիքներով ու ունակություններով կարող է լավագույնս կատարել ՄԻՊ-ի ֆունկցիաները։
«Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում են Ազգային ժողովի պատգամավորները, իսկ յուրաքանչյուր պատգամավոր որոշում է կայացնում սեփական խղճից ու համոզմունքներից ելնելով։ ՄԻՊ-ին ընտրում են փակ գաղտնի քվեարկությամբ, ինչը նշանակում է, որ պատգամավորներն իրենց որոշումը կայացնելուց լինեն ազատ, անկաշկանդ՝ անգամ իրենց խմբակցությունների դիրքորոշումն ունենալու պարագայում։ ԱԺ պատգամավորները պարտավոր են ընտրել ՄԻՊ, դա իրենց պարտավորությունն է, Սահմանադրությամբ ՄԻՊ-ին կարող է ընտրել միայն Ազգային ժողովը։ Հիմա ո՞ւմ պետք է ընտրի ԱԺ-ն, ես, կարծում եմ, որ իշխանական խմբակցությունն այս պարագայում, երբ ընդդիմադիր խմբակցություններն առաջադրել են թեկնածու, պետք է թեկնածու չառաջադրի ու ընտրի ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուին, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանը այն ինստիտուտն է, այն պաշտոնյան է, որը պետք է անկախ լինի, հատկապես իշխանություններից, որովհետև ՄԻՊ-ը պաշտպանում է մարդկանց իրավունքները իշխանությունների գործողություններից, հետևաբար, նա ոչ մի պարագայում չի կարող լինել իշխանական խմբակցության բարեհաճությունը վայելող մեկը»,- ընդգծեց Էդգար Ղազարյանը։
Ընդդիմության թեկնածուն համաձայն չէ դիտարկմա հետ, որ ինքը քաղաքականացված անձ է ու, ինչպես նախկին ՄԻՊ-ի դեպքում ընդդիմությունն ասում էր «ՔՊ-ի իրավունքների պաշտպան», այս դեպքում՝ իրեն են ասելու «ընդդիմության իրավունքների պաշտպան»։
«Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, ես զբաղվել եմ բացառապես հասարակական գործունեությամբ՝ պաշտպանելու համար մեր պետության ու մեր քաղաքացիների իրավունքները գործադիր ու օրենսդիր իշխանության մեծամասնության ղեկին հայտնված ապազգային տարրերի գործողություններից։ Դա քաղաքականության հետ կապ չունի, դա ազգային-ազատագրական պայքարի, իրավունքների պայքարի բաղադրիչ գործողություն է։ Իսկ ՄԻՊ պաշտոնում ես առաջադրվել եմ օրենքի հստակ տրամաբանությամբ, այսինքն՝ բոլոր իմ արած այն հայտարարությունները, որոնք իրենց մեջ որոշակի քաղաքական տարր են պարունակել, բնականաբար, օրենքն արգելում է Պաշտպանին զբաղվել քաղաքական որևէ գործունեութամբ, ընտրվելու պարագայում իրականացնելու եմ բացառապես պաշտպանի սահմանադրական լիազորություննեը»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է 2023 թվականի հունվարի 23-ից, երբ հրաժարական ներկայացրեց Քրիստիննե Գրիգորյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրի Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Մինչ այս պահը, սակայն, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին ՔՊ-ն որևէ թեկնածու չի առաջադրել։