28/03/2023 20:46
Պուտինն ու Լուկաշենկոն անվտանգությանը վերաբերող հարցեր կքննարկեն
Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստին, որը տեղի կունենա ապրիլին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կքննարկեն նաև ընդհանուր անվտանգությանը վերաբերող հարցեր, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե նիստին քննարկման առարկա դառնալու՞ է նաև Բելառուսի տարածքում ռուսական տակտիկական միջուկային զենքի տեղակայման հարցը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահը։
«Խնդիրը արդիական է մնում՝ հայտնի իրադարձությունների և մեր երկրներին շրջապատող ոչ բարեկամական մթնոլորտի ֆոնին»,- հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, բելառուսական կողմի խնդրանքով, Բելառուսի տարածքում կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը, ինչպես վաղուց վարվում է ԱՄՆ-ն՝ իր դաշնակից երկրների տարածքում տեղակայելով մարտավարական միջուկային զենք։
«Ռուսաստանն արդեն հանձնել է Բելառուսին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը, որը կարող է միջուկային զենք կրող լինել»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը հուլիսի 1-ին կավարտի մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը Բելառուսում։