28/03/2023 17:55
Գիորգի Շարվաշիձեն ՀՀ ՆԳՆ-ի հետ փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել
Մարտի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին, տեղեկացնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ։
Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունները, նշել է տարիների ընթացքում կատարած աշխատանքները, որոնք ուղղված են եղել հանցավորության դեմ պայքարին։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ Գիորգի Շարվաշիձեն նույնպես բարձր է գնահատել ձևավորված բարեկամական սերտ հարաբերությունները։ Նա փոխգործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով կառույցի ձևավորման աշխատանքները, անդրադարձ է կատարել մարզերում պարեկային ծառայության ներդրման, քրեական ոստիկանության ու տարածքային ստորաբաժանումների բարեփոխումներին։
Հանդիպմանը քննարկվել են նաև Սևանա լճում ջրային պարեկային ծառայության ներդրման, երկու պետությունների ներքին գործերի նախարարությունների աշխատակիցների փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»։