28/03/2023 19:57
Լեգենդար «Արարատ-73»-ին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
«Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել Հայաստանի նկարիչների միությունում։ Ներկայացվել են ֆոտոլրագրողներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների լուսանկարները։
Միջոցառմանը մասնակցել են նաև «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Սերգեյ Բոնդարենկոն, Էդուարդ Մարկարովը, Նորիկ Պետրոսյանը, Սամվել Պետրոսյանը, ներկայացուցիչներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հայկական մի շարք ակումբներից, ինչպես նաև հայկական ֆուտբոլի բազմաթիվ երկրպագուներ:
Ֆոտոլրագրող Մելիք Բաղդասարյանը ցուցահանդեսը «Արարատին» հիշելու ևս մեկ լավ առիթ է համարում. «50-ամյակն ինձ հուշեց, որ պետք է նմանօրինակ ցուցահանդես լինի: Այս լուսանկարներն անգիր եմ հիշում, ուղղակի արխիվում էին: Երևի ամենահիշարժանը Կիևի «Դինամոյի» հետ եզրափակիչ խաղի լուսանկարներն են»:
Եղբայրներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանները, ի թիվս այլ իրադարձությունների, վավերագրել են նաև «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի լավագույն կադրերը, որոնց հիման վրա էլ պատրաստվել է ցուցահանդեսը: Այն կգործի մարտի 28-ից ապրիլի 1-ը։
«Արարատ-73»-ի լեգենդար կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն նշում է՝ այս լուսանկարներն իրեն միշտ են ուղեկցել և հաճելի հիշողություններ արթնացրել. «Ուղիղ կես դար է անցել․ 50 տարի առաջ «Արարատը» սխրանք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր։ Ուրախ եմ ու երջանիկ, որ խաղացել եմ հայկական «Արարատում», շնորհակալ եմ ժողովրդիս, որ 50 տարի է անցել, բայց մեզ հիշում են։ Մեծ ցավ կա ներսումս, որ մեր հոյակապ ընկերներից 6-ն արդեն ֆիզիկապես մեր կողքին չեն»։
Բոնդարենկոն ընդգծում է՝ խաղադաշտում իրենք ներդրել են ողջ ուժերը՝ հանուն թիմի:
«Եթե Հայաստանի հավաքականի կազմում դուրս ես եկել խաղադաշտ, եթե մարզաշապիկիդ գրված է «Հայաստան», ապա կյանքդ դի՛ր, թող պատգարակով քեզ տանեն, մենք այդպես էինք անում, դրա համար էլ հասանք այդ ամենին։ Մեր ժողովուրդն այն ժամանակ ասում էր միայն թե «Նևթչիին» ու «Թիֆլիսին» չպարտվեք, հաղթում էինք ու 3 տարի հանգիստ ապրում, բայց հաղթում էինք 4-0, 6-1»,- հիշում է լեգենդար ֆուտբոլիստը:
Միջոցառմանը ներկա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով էլ՝ «Արարատ-73»-ն իր փառահեղ հաղթանակներով ապացուցել է՝ քրտնաջան աշխատանքի պարագայում մենք կարող ենք հաջողությունների հասնել նաև թիմային պայքարում:
Ֆոտոցուցահանդեսի բացման ընթացքում կայացել է նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբի կողմից հրատարակված Արսեն Կակոսյանի «Ֆուտբոլին հաջորդող գիշերը․ երկրպագուի օրագիր» գրքի շնորհանդեսը: Սա 1974 թվականին լույս տեսած այս գրքի ռուսերենից հայերեն թարգմանությունն է, որում հեղինակը երկրպագուի աչքերով վերապրում և իր օրագրին է հանձնում 1973 թվականի «ոսկե» մրցաշրջանի բոլոր խաղերից իր ստացած տպավորությունները։
«Արարատ» ֆուտբոլային ակումբն ամբողջ տարվա ընթացքում նախատեսում է չեմպիոնական մրցաշրջանը խորհրդանշող միջոցառումներ անցկացնել: