28/03/2023 09:49
«Հրապարակ». Պարզվեց՝ Կամո Ցուցուլյանը փրկարար ծառայությունը չի ղեկավարում՝ քանդում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետը հունվարի 9-ին հերթական անտրամաբանական նշանակումն արեց՝ ոստիկանի ավելի քան 20 տարվա ստաժ ունեցող և փրկարարության հետ կապ չունեցող Կամո Ցուցուլյանին նշանակելով փրկարար ծառայության տնօրեն: Պարզ չէր, թե նա ինչպես է ղեկավարելու փրկարար ծառայությունը: Բայց պարզվեց՝ չի ղեկավարում, քանդում է: Միայն մարտին Կամո Ցուցուլյանի հրամաններով փրկարար ծառայությունից ազատվել են ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանն ու Ճգնաժամային կառավարման ակադեմիայի պրոռեկտոր, գնդապետ Սարգիս Կյուրեղյանը: Երկուսն էլ՝ փրկարարի 30 տարվա ստաժով աշխատողներ: Հովհաննես Եմիշյանին էր 44-օրյա պատերազմում վստահվել փրկարարների գումարտակի հրամանատարությունը, որոնք պահել են իրենց վստահված դիրքերը, տուն վերադարձել առանց կորուստների:
Թեև պատերազմից հետո իշխանությունն այդ դիրքերը նվիրեց Ադրբեջանին: Սարգիս Կյուրեղյանն էլ հմուտ և փորձառու է, նրան է վստահվել փրկարարներ կրթելու գործը: Եմիշյանի ու Կյուրեղյանի հեռացումը ձևակերպել են կենսաթոշակի գնալու հիմքով, բայց հայտնի է, որ կենսաթոշակի տարիքն աշխատանքից հեռացնելու հիմք չէ, և փրկարար ծառայության բարձրակարգ մասնագետներն առավել ևս տարիքի պատճառաբանությամբ չպետք է հեռացվեն: Այսպես որ գնա, փրկարար ծառայությունն էլ բանակի, բուհական համակարգի, թատրոնների նման կավերվի»։