29/03/2023 13:24
Ռուսաստանը կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումը` վատ վերահսկողության պատճառով
Ռուսաստանը կքննարկի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը, քանի որ Հայաստանից եկող կաթնային արտադրանքում որոշակի խախտումներ են հայտնաբերվել, նշվում է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության նախնական տեղեկատվության, Հայաստանից արտահանվող կաթնամթերքում օգտագործվում է Իրանում արտադրված հումք, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» որոշակի սահմանափակումներ ունի: Նշվում է, որ գերատեսչության մասնագետները մարտի 20-24-ը տեղի ունեցած ստուգումների ժամանակ հաստատել են այդ փաստը:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում բացակայում է պատշաճ վերահսկողությունը պետական անասնաբուժական ծառայության կողմից, ինչի արդյունքում «վտանգ կա, որ Ռուսաստան կարող է ներմուծվել անորակ և ոչ անվտանգ արտադրանք»:
Նշվում է, որ այդ մասին հայկական կողմը տեղեկացվել է: Բացի այդ, ռուսական կողմի մոտ «հատուկ մտահոգություն է առաջացնում» այն, որ «առանց ռուսական կողմի հետ համաձայնեցվելու կամ ի հեճուկս պաշտոնական մերժման՝ Մաքսային միության ռեեստրում ներառվել են երրորդ երկրների ձեռնարկություններ»: