29/03/2023 15:29
Կառավարումն իրականացնում է վարչապետը, պետը հաշվետու է վարչապետին. Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Պետական պահպանության ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին որոշումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության
կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին որոշումը։
Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը վարչապետին ենթակա և պետական պահպանություն իրականացնող մարմին է:
Ծառայության կառուցվածքում ընդգրկվում են ծառայության պետի, ծառայության պետի տեղակալի, ծառայության պետի օգնականի, ծառայության պետի խորհրդականի, ծառայության պետի տեղակալի օգնականի պաշտոնները և կառուցվածքային (այդ թվում՝ պահպանական, թիկնապահական, օպերատիվ, հատուկ նշանակության, ապահովման և սպասարկման գործառույթներ իրականացնող) ստորաբաժանումները:
Ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը: Վարչապետը հաստատում է ծառայության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը և կատարում է կանոնադրության փոփոխություններ, ինչպես նաև՝ ծառայողների և աշխատողների քանակը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ
Ծառայության պետը հաշվետու է վարչապետին:
Ծառայության նպատակներն ու խնդիրներն են պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգի կանխատեսումը և բացահայտումը, սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումների իրականացումը, պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովումը և այլն։
Ծառայության գործառույթներն են պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների դեմ ուղղված հակաիրավական ոտնձգությունների բացահայտումը, կանխումը և խափանումը, անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցների և հետիոտնի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների՝ որոշակի վայրերում և օբյեկտներում գտնվելու արգելումը, ինչպես նաև այդ վայրերից տրանսպորտային միջոցների տեղափոխումը, եթե դրանք կարող են խոչընդոտող արգելք հանդիսանալ պետական պահպանության իրականացման համար:
Ծառայության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։
Մանրամասները՝ հավելվածում։
Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովն ընդունեց որոշում, որով ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը դարձավ վարչապետին ենթակա մարմին։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ՊՊԾ-ում ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը մինչև հարյուր տոկոս կբարձրանա:
Նա նաև պարզաբանել էր, թե ինչու են ՊՊԾ-ն առանձնացնում ԱԱԾ-ից:
«ԱԱԾ-ին հնարավորություն ենք տալիս, որպեսզի վերջինս կենտրոնանա հիմնական երեք ուղղությամբ աշխատանքների վրա` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն»,- ընդգծել էր ԱԽ քարտուղարը: