29/03/2023 12:58
ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը
ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հաստատում ենք պատրաստակամություն՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերի իրագործման վերաբերյալ, ինչպես նաև աջակցության այլ ծրագրերի, որոնք ամրագրված են Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագծում», - հայտնել է Գալուզինը։
Նա ընդգծել է, որ պատրաստ են այդ աշխատանքին ճիշտ նույն չափով, որքան Հայաստանը։
Միխայիլ Գալուզինը նշել է նաև՝ ակնկալում են, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ կերպով:
«Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է», - ասել է Գալուզինը։
ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ այժմ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մայիս-հունիս ամիսներին նախատեսված արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերի համար։