29/03/2023 12:39
Կացարանում զոհված զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազի հետ. Սուրեն Պապիկյանը չի արձագանքել հանդիպման պահանջին (Տեսանյութ)
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազի հետ։
Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ, այս պահի դրությամբ, ստացվել են զոհված 15 զինծառայողներից 10-ի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, զոհված մյուս 5 զինծառայողների ծնոնղների հարցաքննությունը կլինի առաջիկայում։
«Փետրվարի 9-ին իմ կողմից դիմումներ են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին ու ՀՀ զինվորական դատախազին՝ հանդիպելու ծնողների հետ, փետրվարի 28-ին էլ ծնողներն են անհատապես դիմում ներկայացրել Պաշտպանության նախարարին՝ հանդիպման պահանջով։ Մեզ համար տարակուսելի է Պաշտանության նախարարության ղեկավարության պահվածքը. ոչ միայն ձեռնպահ մնացին հանդիպել տուժողներին, այլ նաև իրենց վարքագծով առնվազն ներողություն խնդրելու առումով պարտավոր էին որոշակի հրապարակայնություն դրսևորել, սա ասում եմ նվազագույնը՝ ինչ կարող էին անել, իսկ զինվորական դատախազի հետ հանդիպումը տեղի կունենա վաղը»,- նշեց Նորիկյանը։
Նա նշեց, որ մարտի 21-ին միջնորդություն են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին հարցաքննել զոհված զինծառայողներից մեկի ծնողին ու լրացուցիչ երկու այլ քաղաքացիների, որոնց կողմից տրված բացատրությունը հրդեհի պահի ու այդ տարածքում գտնվող ողջ մնացած զինվորներից մեկի վարքագծի վերաբերյալ որոշակի հակասող կամ էապես տարբերվող փաստական տվյալներ են պարունակում, իսկ մարտի 27-ին միջնորդել են հարցաքննել երկու անձանց, որոնք հրապարակայնորեն փաստական տվյալներ ու առերևույթ պնդումներ են իրականացրել այն մասին, որ հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգությունը դիվերսիա է, որը տեղի է ունեցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից։
Նորիկյանը հայտարարեց, թե զինծառայողների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները գործի փաստական հանգամանքների հետ գտնվում են խիստ հակասության մեջ։
«Ավելի շատ հարցեր են բարձրացվել, քան՝ պատասխաններ»,- ասաց նա։
Տուժող կողմը չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը։
15 զինվորի մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը։
Նույն գործի շրջանակներում կալանավորվել են նաև ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս-ն ու ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ-ն։