29/03/2023 13:55
«Մենք մահացած ենք, բայց մեզ չեն թաղել». կացարանում զոհված զինծառայողների ծնողներ (Տեսանյութ)
Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողների ծնողները պնդում են՝ պատրաստ են ամեն ինչի։
«Մենք մահացած ենք, բայց մեզ չեն թաղել։ Ամեն ինչ անելու ենք, մենք կորցրել ենք ամենաթանկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց զոհված զինծառայողներից մեկի ծնողը։
Նրանց խնդրանքն է պատկան մարմիններին, որ արդար քննություն վարեն։
«Մենք կորցրել ենք մեր առօրյան, չենք կարողանում մարդկանց հետ շփվել, դարձել ենք ագրեսիվ, մեզ հանգստություն է պետք, մեզ արդար քննություն է պետք, որ հասկանանք՝ մեր երեխեքի մահը ինչի՞ց է վրա հասել, ո՞վ է արել։ Մեզ սարքել են գիժ, մենք ճիշտ պատասխան ենք ուզում, ողջ-առողջ երեխեք ենք տվել, որ մեր անդորրը պաշտպանեն», - ասաց ծնողը։
Զինծառայողներից մյուսի ծնողն էլ նշեց՝ «վերևից հրաման է եկել՝ կրակը ծածկադմփոց անելու լավագույն միջոցն է»։
«Մինչև այսօր ես դա եմ տեսնում։ Հարցնում եք՝ գլխավոր հարցը ո՞րն է լնելու՝ այն է լինելու, որ 2,5 ամիս անցել է, ի՞նչ աշխատանք է կատարվել՝ բացի հակասական ցուցմունքներից, ի՞նչ եք արել, ընդհանրապես, մտադի՞ր եք այս գործը բացահայտել, թե՞ չէ։ Մի գիշերում քնած տեղը 15 զոհ եք տվել ու դրանից հետո գնացել խնջույքի, եթե էդ երեխեքը ձեզ պետք չէին, էդ երեխեքը մեր ամենաթանկն էին, տայիք մեզ», - նշեց զոհված զինծառայողի ծնողը։
15 զինվորի մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը։
Նույն գործի շրջանակներում կալանավորվել են նաև ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս-ն ու ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ-ն։