29/03/2023 13:46
Արդյունաբերության աճի տեմպն էլ ավելի է դանդաղել՝ շարունակելով վատթարացնել տնտեսության կառուցվածքը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2023թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։
Անհրաժեշտ է արձանագրել, որ.
2023թ. սկսվել է բարձր տնտեսական աճերով, սակայն դրանք կարող են դանդաղել տարվա ընթացքում: 2023թ. առաջին ամիսների տնտեսական զարգացումները դեռևս համեմատվում են նախորդ տարվա այն ամիսների հետ, որոնք չէին պարունակում դրական արտաքին շոկի (ՀՀ այցելած քաղաքացիների և կապիտալի ներհոսքի) ազդեցությունները: Սակայն, տարվա ընթացքում այդ տարբերությունը կչեզոքանա, ինչը կհանգեցնի տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) դանդաղմանը:
Արդյունաբերության աճի տեմպն էլ ավելի է դանդաղել՝ շարունակելով վատթարացնել տնտեսության կառուցվածքը: 2023թ. հունվար-փետրվարին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1.0%՝ դանդաղելով նախորդ ամսվա 1.4%-ից: Միևնույն ժամանակ ՏԱՑ-ը կազմել է 10.9%։ Դա նշանակում է, որ արդյունաբերության կշիռը շարունակում է նվազել տնտեսության կառուցվածքում՝ հանգեցնելով տնտեսության պոտենցիալի նվազմանը։
Պետական բյուջեի կապիտալ ծախսերի ցուցանիշները նորից մտահոգության տեղիք են տալիս։ 2023թ. հունվար-փետրվարին պետական բյուջեի կապիտալ ծախսերը նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 44.6%-ով։ Իհարկե, երկու ամսվա ցուցանիշները բավարար չեն կատարողականի վերաբերյալ դատողություններ անելու համար, սակայն նման բացասական դինամիկան արդեն իսկ հուշում է, որ կատարողականի հետ կապված խնդիրներ լինելու են ընթացիկ տարում, և հավանական է, որ նախորդ տարիների կապիտալ ծախսերի ցածր կատարողականները արձանագրվեն նաև 2023-ին:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3KgiLwm ։