29/03/2023 13:31
Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիա բախվելու է ՀԱՊԿ ուժերի դիմադրությանը. Հայկ Նահապետյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում, նաև վերջին ասուլիսին ասաց՝ Ադրբեջանը էսկալացիայի է պատրաստվում և ակնարկեց՝ Հայաստանը չի կարող իր անվտանգությունն ապահովել։ Հարց է առաջանում՝ բա ով պետք է ապահովի. եթե դու չես կարող, դաշնակիցներիդ պիտի դիմես, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Եթե մեր սահմանին լինեն ՀԱՊԿ դիտորդներ, ինչը ՀԱՊԿ-ն առաջարկել է, բայց Փաշինյանը մերժել է, եթե լինեն ՀԱՊԿ խաղաղապահներ, եթե անցկացվի ՀԱՊԿ զորավարժություններ, ինչի առաջարկը դարձյալ Փաշինյանը մերժել է, ապա Ադրբեջանի համար ծանր վիճակ է ստեղծվելու։ Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ուղղակիորեն հանդիպելու է ՀԱՊԿ զինված ստորաբաժանումների դիմադրությանը։ Եթե ՀԱՊԿ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցություն չլինի, մենք դարձյալ կորուստներ ենք ունենալու», - ասել է նա։
Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել երկրի անվտանգային ճարտարապետությունը։ Դաշնակիցները, որոնց հետ ունենք ռազմատեխնիկական պայմանագրեր, դրանցից Փաշինյանը առայժմ ոչ իրավական, բայց գործնական առումով հրաժարվում է։
«ՀԱՊԿ զորավարժությունները, որոնցից Փաշինյանը հրաժարվեց, հնարավորություն էր, ինչպես Թուրքիան է ամեն զորավարժությունից հետո Նախիջևանում անձնակազմ, զինտեխնիկա թողնում տարիներ շարունակ, նույնը կարող էր լինել և մեր դեպքում», - նշել է նա։