29/03/2023 09:42
«Ժողովուրդ». ԱԺ խմբակցությունները վերջապես ՄԻՊ թեկնածուներ են գտել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկարատև փնտրտուքներից հետո ԱԺ խմբակցությունները վերջապես ՄԻՊ թեկնածուներ են գտել: Իշխող ՔՊ խմբակցությունը ՄԻՊ թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն էլ ՄԻՊ թափուր պաշտոնում առաջադրել են ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը: Փաստացի այս պահին ՄԻՊ թեկնածուները երկուսն են:
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց և առնվազն մեկ թեկնածու առաջադրվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի, այս դեպքում՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա հերթական նիստում կամ կարող է քննարկվել հանձնաժողովի արտահերթ նիստում: Ազգային ժողովին ՄԻՊ թեկնածու է առաջադրվում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից, այսինքն՝ գլխադասային հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն առաջադրված թեկնածուներից մեկին և նրան առաջադրեն ԱԺ-ին:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները 7-ն են, մեծամասնություն են կազմում ՔՊ խմբակցության պատգամավորները՝4/3 հարաբերակցությամբ: Հարցի քննարկման ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը և հայտնում որոշման մասին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից հետաքրքվեց՝ ինչպես են տրամադրված Էդգար Ղազարյանի հարցում, հնարավոր է արդյոք, որ, ամեն դեպքում, այս անգամ զիջումների գնան և ընտրեն ընդդիմության թեկնածուին։ «Առանց մեկնաբանության»,- կարճ արձագանքեց պատգամավորը»։