30/03/2023 13:00
«Պետական մտածողությունն ամեն օր մեր աչքի առաջ ոտնահարվում է». ՀՀ դրոշի պահանջները խախտող պաշտոնյաները կտուգանվեն մինչև 100 հազար դրամով
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Նախագծերի նպատակն է խստացնել ՀՀ դրոշի համար ներկայացվող պահանջները ու այնպես անել, որ դրոշի պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքում, անկախ նրանից՝ այն բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում։
Վերահսկողությունն առաջարկվում է վերապահել ոստիկանությանը, որպեսզի վերջինս կարողանա տույժ կիրառել առանց Վարչական դատարան դիմելու։
Դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր ու չգունաթափված, ընդ որում՝ դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2.5 մետրից ոչ պակաս բարձրության վրա։
Պահանջները խախտելու համար ֆիզիկական ու իրավաբանական անձինք կպատժվեն 30-ից 50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձիք՝ 70-ից 100 հազար դրամի չափով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե անընդհատ խոսում են պետական մտածողության մասին ու չեն էլ արձանագրում, որ պետական մտածողությունն ամեն օր մեր աչքի առաջ ոտնահարվում է։
«Այսօր ամեն օր կարելի է ականատես լինել ցնցոտիացված դրոշների, շատ հաճախ մենք ուղղակի անցնում ենք՝ համարելով, որ այդպես էլ պետք է լինի, պիտի խոստովանեմ, որ երբեք նման դեպքերի կողքով չեմ անցնում, տասնյակ անգամներով անդրադարձել եմ այս թեմային, իմ համոզմունքն է, որ մենք այստեղ պետք է իրավական լծակներ գործադրենք»,- նշեց նա։