30/03/2023 13:05
Կարծում եմ, որ որևէ քաղաքական ենթատեքստ չկա. Քերոբյանը՝ ՀՀ-ից ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակման մասին
Կարծում եմ, որ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, ամեն ինչ զուտ սննդի անվտանգության բարձր չափանիշներն ապահովելու համար է, լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման սահմանափակմանը։
«Սանկցիաներ դեռևս չեն կիրառվել, մեր գործընկերների հետ կապի մեջ ենք, հաջորդ շաբաթ էլ հանդիպում ենք ունենալու։ Կարծում եմ՝ կգանք ընդհանուր եզրահանգման», - ասաց նախարարը։
Հիշեցնենք՝ «Ռոսսելխոզնադզորը» հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանը կքննարկի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը, քանի որ Հայաստանից գնացող կաթնային արտադրանքում որոշակի խախտումներ են հայտնաբերվել։
ՍԱՏՄ-ն պատասխանել է «Ռոսսելխոզնադզոր»-ին՝ նշելով, թե մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանից հումքի ներմուծման, Հայաստանում դրա օգտագործման և Ռուսաստան արտահանման շղթային։