30/03/2023 12:27
Փետրվարին մեր սիրելի թոշակառուներն անկանխիկ եղանակով իրականացրել են 3.4 միլիարդ դրամի առևտուր. Նիկոլ Փաշինյան
Կենսաթոշակառուների կողմից իրականացվող անկանխիկ առևտրի աճի շատ տպավորիչ տեմպը շարունակվում է, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փետրվարին մեր սիրելի թոշակառուներն անկանխիկ եղանակով իրականացրել են 3.4 միլիարդ դրամի առևտուր։ Ուզում եմ հիշեցնել, որ 2022-ին այս ցուցանիշը ձգտում էր 0-ի, իսկ դեկտեմբերին ու հունվարին 2.7 միլիարդ դրամի շրջանակներում էր, ինչը նշանակում է, որ շատ էական, այսինքն՝ 20-25 տոկոսով ամսական աճի տեմպը շարունակում ենք պահպանել»,- ասաց նա։
Փետրվարի համար առևտրի արդյունքում պետությունը 286 միլիոն 711 հազար վերադարձնում է առևտուր իրականացնող կենսաթոշակառուներին։
Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն՝ եթե 2022 թվականի հունիսի վերջի դրությամբ ՀՀ-ում կար շուրջ 22 հազար ակտիվ POS տերմինալ, ապա, այսօրվա դրությամբ, դրանց թիվը եռապատկվել է։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ ասաց, թե, փետրվարի 1-ի դրությամբ, կենսաթոշառկառուների վճարների 17.5 տոկոսն իրականացվում է անկանխիկ։
«Հայաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերի միջոցով անկանխիկ վճարումներն անցած տարվա ընթացքում կազմել են մոտ 1.3 տրիլիոն, որը, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, 57 տոկոսով ավելի է»,- նշեց ԿԲ նախագահը։