31/03/2023 20:15
Իշխանության սուտը, թե Մհեր Սահակյանն «այլ առարկայով» է հարվածել, անմիջապես հերքվում է՝ այս ձեռքը տեսնելով․ Եղել է մեկ հարված՝ ինքնապաշտպանական նկատառումով
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաև փաստաբան Արսեն Բաբայանը հերքում են ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Քննչական կոմիտեի պնդումները, թե այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Մհեր Սեդրակյանն «ինչ-որ առարկայով» է հարվածել Վլադիմիր Վարդանյանին։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, ուսումնասիրելով տեղի ունեցածի հանգամանքները, հավաստում է, որ․
1) Որևէ խուլիգանական գործողություն չի եղել։ Եղել է մեկ հարված՝ ինքնապաշտպանական նկատառումով։
2) Հարվածը չի եղել որևէ առարկայով, այլ եղել է բռունցքով։
Այդ մասին նշված է փաստաբանի հայտարարությունում։
Արսեն Բաբայանն էլ հրապարակել է Մհեր Սահակյանի ձեռքի լուսանկարը՝ անմիջապես միջադեպից հետո՝ նշելով, որ լուսանկարից պարզ է դառնում, որ պնդումները՝ «առարկայով» հարվածելու մասին, իրականությունից հեռու են։
«Մհեր Սահակյանի ձեռքն է, հայտնի միջադեպից հետո: Իշխանության սուտը, թե այլ առարկայով է Մհերը հարվածել, անմիջապես հերքվում է՝ այս ձեռքը տեսնելով»,- լուսանկարին կից՝ գրել է փաստաբան Արսեն Բաբայանը: