31/03/2023 17:33
Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը մոտեցան ինձ, Նազարյանն ասաց՝ «շատ վատ բան ստացվեց, խի՞ այսպես արեց, պետք է պատժվի». Ծեծկռտուքի մասնակից ՔՊ-ական պատգամավորը մանրամասներ է հայտնել
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից։
Նրա պատմելով՝ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանն իրեն ասել է՝ չի կարող ձայն բարձրացնել իրենց վրա, ինքն էլ հակադարձել՝ նիստը շարունակելու է վարել։
«Բա՝ «չեք կարա, չեք կարա», մոտեցավ ինձ ու հարձակվեց վրաս, հետո դիմեց փախուստի», - լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ականը։
Վարդանյանն ասաց՝ միջադեպը տևել է մեկ րոպե։
Նա նշեց, թե բավականին ծանր հարված է ստացել, չի կարող ասել՝ ընդդիմադիր պատգամավորի ձեռքին ինչ-որ բան եղե՞լ է, թե՞ ոչ, բայց չի բացառում։
«Ներկայացել եմ հարցաքննության, տվել եմ ցուցմունքներ, արարքին քրեաիրավական գնահատական չեմ տալու», - նշեց Վլադիմիր Վարդանյանը։
Նա վստահեցնում է՝ նախահարձակ չի եղել։
«Որևիցե վիրավորական արտահայտություն թույլ չեմ տվել, նույնիսկ «դու»-ով խոսել չի եղել», - նշեց Վարդանյանը։
Վարդանյանն ասաց, թե միջադեպից հետո իրեն են մոտեցել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը ու ասել՝ շատ վատ բան է եղել։
«Գեղամ Նազարյանն ասում էր «շատ վատ բան ստացվեց, խի՞ այսպես արեց, պետք է պատժվի», իսկ հիմա մամուլում տեսնում եմ հրապարակումներ, որ ես եմ նախահարձակ եղել, ես եմ սադրել, սրանք ոչ հարիր մանիպուլյացիաներ են, որոնք անընդունելի են»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել։
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Մհեր Սահակյանին տարել են ոստիկանություն, ապա՝ ձերբակալել, Վլադիմիր Վարդանյանին՝ հիվանդանոց, ապա՝ դուրս գրել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ասել էր. «Բոլորի համար հանկարծակի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը կանգնել է, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հարված է հասցրել գլխի հատվածում, բավականին ուժեղ հարված է հասցվել, որից հետո վազելով փախել է հանձնաժողովի սենյակից ու թաքնվել ԱԺ շենքում»։