31/03/2023 14:31
«Որոշ ժամանակ Մհեր Սահակյանին հնարավոր չի եղել գտնել ԱԺ շենքում, դիմել ենք Ոստիկանություն, Դատախազություն, Քննչական կոմիտե». ՔՊ-ականը մանրամասներ է հայտնել այսօրվա ծեծկռտուքից
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնել այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից։
Ըստ նրա՝ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում բանավեճ է եղել, ընդդիմադիր պատգամավորները ձայն են բարձրացրել, հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն էլ փորձել է իրավիճակը հանդտարտեցնել։
«Բոլորի համար հանկարծակի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը կանգնել է, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հարված է հասցրել գլխի հատվածում, բավականին ուժեղ հարված է հասցվել, որից հետո վազելով փախել է հանձնաժողովի սենյակից ու թաքնվել ԱԺ շենքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության քարտուղարը։
ՔՊ-ականի պատմելով՝ որոշ ժամանակ ընդդիմադիր պատգամավորին հնարավոր չի եղել գտնել, հետո դիմել են Ոստիկանություն, Դատախազություն, Քննչական կոմիտե։
«Շատ արագ տեղ են հասել, հայտնաբերել են Մհեր Սահակյանին ու բերման ենթարկել»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը։
Նա ակնկալում է, որ այս միջադեպը կունենա քրեաիրավական հետևանք։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել։
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Մհեր Սահակյանին տարել են ոստիկանություն, Վլադիմիր Վարդանյանին՝ հիվանդանոց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։