31/03/2023 21:54
Արյան շրջանառության համակարգի առանձնահատկություններն ու դրա հետ կապված հիմնական հիվանդությունները
Արյան շրջանառության համակարգը, որը նաև կոչվում է սրտանոթային համակարգ, բջիջներին հասցնում է թթվածին, սննդանյութեր և հորմոններ, որոնք այդ բջիջներն օգտագործում են էներգիայի, աճի և վերականգնման համար:
Արյան շրջանառության համակարգը նաև բջիջներից հեռացնում է ածխաթթու գազը և նյութափոխանակության արգասիքները:
Արյան շրջանառության համակարգի առանցքային տարրերը, որոնք ապահովում են արյան շրջանառություն հետևյալն են՝
արյուն, որը կազմված է արյան բջիջներից և պլազմայից,
սիրտ՝ քառախոռոչ մկանային օրգան, որն արյունը մղում է դեպի մարմնի բոլոր շրջանները,
արյունատար անոթներ՝ զարկերակների, մազանոթների և երակների ցանց, որը տեղափոխում է սրտի կողմից արտամղված արյունը:
Երբ արյունը մուտք է գործում մազանոթներ, սերտորեն շփվում է հյուսվածքների և բջիջների հետ՝ տալով թթվածին ու սննդանյութեր և վերցնելով ածխաթթու գազ ու նյութափոխանակության արգասիքներ: Այժմ, լինելով թթվածնից աղքատ, արյունը տեղափոխվում է երակներով և վերադառնում սրտի աջ նախասիրտ, որտեղից էլ շրջանությունը կրկին մեկնարկում է:
Արյան շրջանառության համակարգի հետ կապված հիմնական հիվանդությունները
Սրտանոթային հիվանդությունները ներառում են սրտի և արյունատար անոթների հետ կապված բոլոր հիվանդությունները և առողջական վիճակները:
Հիվանդությունների մեծ մասը զարգանում է, երբ արյունատար անոթների պատին կուտակվում են ճարպային նյութեր՝ ձևավորելով վահանիկներ, որոնք նեղացնում են այդ անոթները (աթերոսկլերոզ)։
Աթերոսկլերոզն առաջացնում է սրտի իշեմիկ հիվանդություն: Արյան հոսքի դանդաղումը կրճատում է սրտամկանի համար մատչելի թթվածինը և սննդանյութերը: Սա կարող է առաջացնել կրծքահեղձուկ (ստենոկարդիա) կամ սրտամկանի ինֆարկտ: Վերջինս պահանջում է անհետաձգելի բժշկական հսկողություն և բուժում: Սրտամկանի ինֆարկտի ամենահաճախ հանդիպող ախտանիշը կրծոսկրի շրջանի կամ կրծքավանդակի ձախ կեսի ցավերն են:
Երբ զարկերակի խցանման կամ պատռվելու հետևանքով ընդհատվում է գլխուղեղի մի մասի արյունամատակարարումը, զարգանում է ինսուլտ: Ինսուլտը նույնպես կյանքին սպառնացող վիճակ է և պահանջում է անհետաձգելի բուժօգնություն և հսկողություն:
Երբ սիրտն արյունն արտամղում է դեպի զարկերակներ, արյունն այս անոթների պատի վրա ստեղծում է ճնշում: Արյան կամ զարկերակային ճնշումը որոշում է հենց այդ ճնշումը: Բազմաթիվ բժիշկներ առողջ արյան ճնշում համարում են 90/60 մմ ս.ս.-ից բարձր և 140/90 մմ ս.ս.-ից ցածր արյան ճնշումը:
Բարձր արյան ճնշումը, որը հայտնի է նաև որպես հիպերտենզիա, կարող է բարձրացնել սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը: Այն արյան շրջանառության համակարգի ամենատարածված ախտաբանական վիճակն է:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։