31/03/2023 19:11
Սպորտաձևեր, որոնք մեծ ազդեցություն ունեն կյանքի որակի բարձրացման վրա. Ո՞րն ընտրել
Փոքր տարիքում ինքնուրույն մարզվելը դժվար է ու ոչ էֆեկտիվ, մեծ է նաև վնասվածքներ ստանալու վտանգը, իսկ ընթացքը արագ ձանձրացնում է: Ավելի ճիշտ ու հարմար է երեխային սպորտային խմբակ տանել, որտեղ նա կմարզվի փորձառու մարզչի հետ: Այլ խնդիր է, թե որ սպորտաձևն ընտրել: Յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու ազդեցությունը մարմնակազմվածքի վրա։
Ձմեռային սպորտաձևեր
Դահուկավազքն ու չմուշկները զարգացնում են հենաշարժական, շնչառական, սիրտ-անոթային համակարգերը: ունակ են բարձրացնելու նաև աշխատունակությունը, անփոխարինելի են փոքրիկների համար, ովքեր ունեն ողնաշարի հետ կապված խնդիրներ և հարթաթաթություն:
Արևելյան մարտարվեստներ
Մարտարվեստներն հրաշալի են ազդում հոգեկան առողջության վրա, սովորեցնում են մանկուց կենտրոնանալ, ձևավորել կամք և հաղթահարել սթրեսը և էներգիան ճիշտ ուղղորդել: Մարզումների շնորհիվ է դառնում երեխան առավել դիմացկուն, դադարում են անըդհատ շնչառական վարակներն ու հարբուխը:
Ի տարբերություն ձմեռային սպորտաձևերի, արևելյան մարտաձևերով կարող են զբաղվել նաև ասթմայով հիվանդ երեխաները: Իսկ կարճատեսության և սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրների դեպքում ճիշտ կլինի հրաժարվել այս սպորտաձևերից, կամ խորհրդակցել բժշկի հետ:
Մեծ թենիս
Շնչառական համակարգի հրաշալի մարզանք է, օգնում է նվազեցնել քաշը, ամրացնում է մեջքի մկանները:
Լող
Նպաստում է ոսկրամկանային համակարգի ձևավորմանը, լավացնում է արյունամատակարարումը, նյարդային և շնչառական համակարգի վիճակը: Սակայն լողը հակացուցված է աչքի որոշ հիվանդությունների դեպքում` բլեֆարիտ, կոնյուկտիվիտ, մաշկային հիվանդություններ և ալերգիա, սիրտանոթային համակարգի հիվանդություններ:
Աերոբիկա, մարմնամարզություն
Մարմնամարզության շնորհիվ նվազում է կեցվածքի շեղումների, կրծքավանդակի դեֆորմացիաների, օստեխոնդրոզի, դիսպլազիայի, հիպոտրոֆիայի առաջացման հավանականությունը:
Ծանրաբեռնվածությունը մեծ է, հետևաբար անհրաժեշտ է նախօրոք պարզել հակացուցոմների առկայությունը: Հատկապես զգույշ լինել սիրտանոթային համակարգի հիվանդությունների, կարճատեսության, ողնաշարի խնդիրների պարագայում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։