31/03/2023 09:46
«Ժողովուրդ». Ինչու է նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գնացել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գնացել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ մարտի 21-ին, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Երևանի քաղաքապետարան ու ձերբակալեց քաղաապետարանի պաշտոնյաներին, նրանց հետ կոմիտե է շտապել նաև մի քանի օր առաջ պաշտոնից ազատված Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նրան նախաքննական մարմինը չի կանչել, այլ Սարգսյանն ինքն է գնացել ձերբակալվածների կողքին լինելու նպատակով և զարմացել, թե այս ինչ է կատարվում, ինչու են իր նախկին գործընկերներին զանգվածաբար բերման ենթարկել:
Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից, որն ի պատասխան ասաց. «Ես բոլոր իմ գործընկերների համար էլ անհանգստանում եմ»: Ըստ էության, նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց մեր ունեցած տեղեկությունը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին կոմիտեն հայտնեց, որ քննվող չարաշահումների գործով Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին, որը 2 օր առաջ է դիմում գրել և ազատվել աշխատանքից, և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալլաքյանին»։