31/03/2023 13:41
ՀՀ իշխանություններն ապրում են մի կյանքով, որ կարծես թե Հայաստանի և Արցախի հետ ոչ մի բան չի եղել, նրանք չեն ուզում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը. Օհանյան
Ադրբեջանը հետևողականորեն սեղմում է օղակը և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի շուրջ՝ երկու նպատակ ունենալով, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։
«Առաջինը՝ ստանալ այն «միջանցքը», որին իրենք ձգտում են, և երկրորդ՝ Արցախը հայաթափել։ Եթե մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, նշանակում է, որ մենք մեր սահմանները պետք է ուսումնասիրենք և կազմակերպենք մեր պաշտպանությունը։ Պաշտպանության կազմակերպման խնդիրն առաջին հերթին բանակինն է։ Այսօր ՀՀ իշխանություններն ասում են, որ մենք պետք է փոխարինենք բանակի ստորաբաժանումներն ԱԱԾ ստորաբաժանումներով, բայց դա կարող են անել միայն այն դեպքում, երբ երկու հակառակորդ պետությունները դարձել են հարևան պետություններ և ուզում են խաղաղ համակեցությամբ ապրել։ Բայց եթե դու մի կողմից խաղաղության դարաշրջան ես հայտարարում, իսկ մյուս կողմից տեսնում ենք Ադրբեջանի սադրանքները, մարտական գործողությունները, նշանակում է, որ մենք դեռևս գտնվում ենք պատերազմական իրավիճակում», - ասաց Օհանյանը։
ԱԱԾ-ն, ըստ պատգամավորի, իր սահմանապահ կարողություններով այսօր չի կարող պաշտպանություն կազմակերպել ՀՀ սահմաններում։
«Սա ևս մեկ անգամ փաստում է, որ այսօրվա իշխանություններն ապրում են մի կյանքով, որ կարծես թե Հայաստանի և Արցախի հետ ոչ մի բան չի եղել։ ՀՀ իշխանությունները չեն ուզում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը։ Ինչպես է ստացվում, որ ադրբեջանցիները եկել- հասել են Տեղ գյուղ, իրենց հետևում չունենալով բնակեցված որևէ բնակավայր, ամրապնդվում են, առաջ են գալիս, իսկ մենք մեր հետևում ունենալով բնակավայրեր, սահմանային գյուղացիներին մեն-մենակ ենք թողել ադրբեջանցիների հետ և ասում ենք՝ տապակվեք ձեր յուղի մեջ», - ասաց պատգամավորը։