31/03/2023 14:58
Մհեր Սահակյանն ինքնապաշտպանության նկատառումով է հարվածել ՔՊ-ականին. Փաստաբանը մանրամասներ է հայտնել
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ստանձնել է ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։
Մելիքյանը հայտնել է, որ այս պահին իր պաշտպանյալը գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով, հավանաբար, կտեղափոխվի Երևանի քննչական (Պարույր Սևակի փողոց):
«Լիազորված եմ հանրությանը ներկայացնել Մհեր Սահակյանի պարզաբանումը միջադեպի կապակցությամբ. Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ Մհեր Սահակյանը խոսքով արձագանքել է այդ վարքագծին։ Այնուհետև ՔՊ-ական նույն պատգամավորը նստած տեղից կանգնել է ու քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ։
Հաշվի առնելով ԱԺ ՔՊ-ական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձևով ֆիզիկական ուժ կիրառելու, նրանց վրա անպատիժ ձևով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ և ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված։
Հարվածի արդյունքում վտանգը չեզոքացվել է։
Հայհոյանքներ չեն հնչել, այլ հարվածներ չեն եղել»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել։
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Մհեր Սահակյանին տարել են ոստիկանություն, Վլադիմիր Վարդանյանին՝ հիվանդանոց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ասել էր. «Բոլորի համար հանկարծակի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը կանգնել է, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հարված է հասցրել գլխի հատվածում, բավականին ուժեղ հարված է հասցվել, որից հետո վազելով փախել է հանձնաժողովի սենյակից ու թաքնվել ԱԺ շենքում»։