31/03/2023 18:10
Թեհրանը Բաքվից բացատրություն է պահանջում Իսրայելի հետ «հակաիրանական ճակատ» ձևավորելու ծրագրերի կապակցությամբ
Իրանը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի և Իսրայելի նախատեսած համատեղ ծրագրերի կապակցությամբ և Բաքվից բացատրություն է պահանջում, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, այդ մասին նշված է ԻԻՀ ԱԳՆ Տելեգրամի ալիքում։
Քանանին Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունը դավադրություն է որակել, որն Իրանի դեմ նախապատրաստում է Իսրայելը՝ Ադրբեջանի տարածքում։ Քանանին Բաքվից բացատրություն է պահանջել Ադրբեջանի և Իսրայելի միջև «ռազմավարական գործընկերության նոր փուլի» վերաբերյալ, որի նպատակը «միասնական հակաիրանական ճակատ» ստեղծելն է։
Նշենք, որ Իսրայելի ԱԳՆ Էլի Քոհենը Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է «համատեղ ուժերով դիմակայեն Իրանին»։
«Պետք է միասին գործենք՝ թույլ չտալու համար, որ Իրանը ռազմական միջուկային ներուժ կուտակի։ Դա հնարավոր է իրագործել՝ օգտագործելով քաղաքական ու տնտեսական գործիքներ, միաժամանակ ստեղծելով տեսանելի ռազմական սպառնալիք»,- ասել էր Քոհենը։