31/03/2023 19:54
Հույս ունեմ, որ քաղաքային ընտրություններին ընդդիմությունը կմիավորվի. բոլորը նույն գնացքով պիտի շարժվեն, որ հաջողվի պատը քանդել. Լիլիթ Բլեյան (Տեսանյութ)
Մենք հիմար վիճակում ենք. շատերս մեր անելիքը չենք հասկանում, քանի դեռ կառավարիչը չի փոխվել, ինչ էլ անես արդյունք չի տալու։ Ես նեղսրտում եմ, երբ իմ շատ մտահոգ ընկերներ ինքնաբուխ ակցիաներ են կազմակերպում այս կամ այն դեսպանատան առջև. մենք ի վերջո պետք է հասկանանք, որ մեր խնդիրների հասցեատերը կառավարության շենքում է, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է երգահան Լիլիթ Բլեյանը։
«Երբ 44-օրյա պատերազմի ընթացքում մեզ ամեն օր ստում էին, մենք փոխանակ գնայինք մեզ այդ վիճակին հասցնողին ասեինք՝ ինչ իրավունքով ես մինչև հիմա այստեղ, մենք ցանց էինք հյուսում։ Հիմա էլ նույն վիճակում ենք. գլուխներս կախ գործ ենք անում», - նշել է նա։
Լիլիթ Բլեյանի գնահատմամբ՝ հանրային ակցիաները, փոքր գործողությունները տարրալուծում են հանրային էներգիան, ստեղծում են օգտակար լինելու իմիտացիա, այդպիսով մարդիկ ծառայում են նրանց, որոնց պետք է, որ իրերի դասավորությունը մնա նույնը։
«Ես տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, որ խոսում են պատասխանատվություն ստանձնելու իրենց պատրաստակամության մասին։ Առաջիկայում քաղաքային ընտրություններ են լինելու, կհաջողվի՞ այնպես անել, որ ընդդիմության գործիչները միավորվեն, հաղթահարեն անձնական ամբիցիաները։ Կարևոր է գիտակցել՝ երբ երեխադ վատառողջ է, չես մտածում տանել բժշկի մոտ, որ ավելի ձեռնտու է, այլ տանում ես բժշկի մոտ, որ կկարողանա բուժել։ Մենք պետք է առողջացման գործընթաց սկսենք, վստահենք մարդու, որ կկարողանա բուժել։ Քիչ չեն պետականամետ մարդիկ, կարևոր է, որ նույն գնացքով իրենք շարժվեն, որ հաջողվի պատը քանդել», - ասել է Բլեյանը։