31/03/2023 20:25
Լորան Վոքիեն այցելել է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն․ Սերգեյ Ղազարյանի հետ քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, հետագա անելիքների ու հումանիտար ծրագրերի վերաբերյալ հարցեր։ Լորան Վոքիեն վստահություն է հայտնել, որ Արցախի և իր ղեկավարած շրջանի միջև համագործակցությունն այսուհետ միայն ավելի է խորանալու և ամրապնդվելու։ Իր հերթին Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Վոքիեին՝ Արցախի հանդեպ բարեկամական վերաբերմունքի համար։
Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիական պատվիրակությունից՝ շրջանների քաղաքապետեր, շրջանային խորհրդի պաշտոնյաներ, տնտեսական, մշակութային, կրթական շրջանակների, Ֆրանսիայում հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ, լրագրողներ։