31/03/2023 12:12
Իրանի քաղաքացին խոնավ սրբիչներով Հայաստան է տեղափոխել «մեթադոն» տեսակի թմրանյութ
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխման հերթական դեպքը։
«Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացու վարքագիծը մաքսային ծառայողների մոտ կասկածի տեղիք է տվել: Մեղրիի մաքսային կետ-բաժնի ծառայողների կողմից նշված քաղաքացու ուղեբեռի նկատմամբ իրականացված մանրակրկիտ հսկողության արդյունքում պարզվել է, որ ճամպրուկում ի թիվս այլ ապրանքների՝ առկա է 3 հատ խոնավ սրբիչ, ինչն էլ ավելի է խորացրել կասկածները։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված հետագա հսկողության արդյունքում պարզվել է, որ հիշյալ սրբիչները ներծծված են «մեթադոն» տեսակի թմրանյութով։
Հարկ է նշել, որ այս եղանակով թմրամիջոցների տեղափոխումը զգալիորեն բարդացնում է մաքսային մարմինների կողմից դրանց հայտնաբերումը: Տեքստիլ արտադրանքի մեջ ներծծված թմրամիջոցները մաքսանենգների կողմից հիմնականում փոխադրվում են ճամպրուկներով, ուր առկա են լինում նաև բազմաթիվ անձնական օգտագործման իրեր և հագուստ։
Հայտնաբերված դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մաքսային հսկողությունից թաքցման եղանակով ՀՀ պետական սահմանով ապօրինի եղանակով թմրանյութ տեղափոխած ԻԻՀ քաղաքացի Մ․Զ․-ն ձերբակալվել է»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում։