31/03/2023 11:25
ՌԴ-ում ՀՀ դեսպանը Կրասնոդարի երկրամասի ղեկավարի հետ քննարկել է առևտրատնտեսական ու տրանսպորտային ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր
Կրասնոդարում կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի հանդիպումը:
Հանդիպմանը, խոսելով հայ-ռուսական միջտարածաշրջանային հարաբերությունների հետագա զարգացման մասին, ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է Կրասնոդարի երկրամասի առանձնահատուկ նշանակությունը։
Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ Հայաստանը վաղեմի բարեկամական կապեր ունի Կրասնոդարի երկրամասի հետ։ Երկրամասի հետ համագործակցության համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել տեղի հայ համայնքի նշանակալի դերին։
Զրույցի ընթացքում Վ․Հարությունյանն ու Վ․Կոնդրատևը քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային, հումանիտար և կրթական ոլորտներում համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։
Երկուստեք ընդգծվել է, որ բոլոր բնագավառներում կուտակված ներուժն ընձեռում է նոր հնարավորություններ համագործակցության հետագա խորացման համար։