31/03/2023 15:58
Դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը ՀՀ-ն կներկայացնի 6 դատապարտյալ
Մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է միջհիմնարկային շախմատային մրցաշար տարբեր քրեակատարողական հիմնարկների լավագույն դատապարտյալների միջև:
Քրեակատարողական ծառայություն հայտնում են, որ մրցաշարի նպատակն էր ձևավորել Հայաստանի շախմատի դատապարտյալների հավաքականը՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա աշնանը:
Խաղի ընթացքին հետևել են Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, նրա առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը և այլք:
Մինչ խաղի մեկնարկը՝ Սերգեյ Ատոմյանը հաջողություն է մաղթել մասնակիցներին՝ ընդգծելով շախմատի դերն ու նշանակությունն անհատի ձևավորման, կայացման ու հավասարակշռված դառնալու գործընթացում:
Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ-ի կողմից շնորհակալագրեր է հանձնել Սերգեյ Ատոմյանին, Ամբակում Գրիգորյանին և Ծառայության կենտրոնական մարմնի այլ ներկայացուցիչներին՝ 2022 թվականի՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնության կազմակերպման գործում աջակցության և մեծ ներդրման համար, իսկ առաջնությանը մասնակցած դատապարտյալներին տվել է հավաստագրեր:
Միջհիմնարկային մրցաշարի արդյունքում լավագույնս հանդես են եկել դատապարտյալներ Հ. Աբաջյանը՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկից, Ա. Գորոյանը, Գ. Դավեյանը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից և Ռ. Սարգսյանը, Կ. Բերբերյանը, Մ. Սարգսյանը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից:
Նշված 6 դատապարտյալները կներկայացնեն Հայաստանը դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը: