31/03/2023 13:57
Մհեր Սահակյանին անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ են բերման ենթարկել. Իշխան Սաղաթելյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն այս պահին գտնվում է Երևան քաղաքի ոստիկանական բաժիններից մեկում և հարցաքննվում է, այս մասին հաղորդում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով կոնֆլիկտ է ծագել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև։
Միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ովքեր անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս պահին պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանական բաժիններից մեկում և հարցաքննվում է։
Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Մհեր Սահակյանը իր ողջ գործունեության ընթացքում դրսևորել է արժանապատիվ հայի կեցվածք, որը կոտրել հնարավոր չէ։
Դեպքի առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կազմակերպած հերթական սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման փաստից։
Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- Facebook-ում գրել է Իշխան Սաղաթելյանը։