01/04/2023 19:36
Ինչպե՞ս է կյանքի որակի վրա ազդում երազանքներ և նպատակներ ունենալը. Հոգեբանը՝ գործողությունների հիմնական խթանի մասին
Շատերս երկար ժամանակ մտածել ենք կյանքի նպատակի կարևորության մասին: Հոգեբանները, փիլիսոփաները և այլ մասնագետներ ևս ունեն իրեց ուրույն մոտեցումն ու համոզմունքներն այս հարցի վերաբերյալ։ Հոգեբան Մերի Հարությունյանը վստահ է, որ գրեթե ամեն ինչին կարելի է տիրապետել, քանի դեռ նպատակ ունենք։
Aysor.am-ը կյանքի նպատակի, երազանքների և թաքուն ցանկությունների մասին զրուցել է հոգեբան Մերի Հարությունյանի հետ՝ իր դիտանկյունից պարզելու դրանց կարևորությունը մարդկանց կյանքում և ազդեցությունը նրանց կյանքի որակի վրա։
«Կյանքի նպատակ ունենալն, ինքնին, սահմանում է առօրյա կյանքում վարքի համակարգված օրինաչափություններ: Եվ դա դրսևորվում է նրանում, թե ինչ խնդիրներ ենք դնում մեր առջև, որքան ջանք ենք ծախսում դրանց վրա և ինչպես ենք ժամանակ հատկացնում։
Կյանքի ձգտումը դրդում է մարդուն որոշակի ձևով ծախսել ռեսուրսներ և հրաժարվել այլ տարբերակներից՝ հօգուտ մեկի։ Վերջնական նպատակներն ու նախագծերը կյանքի մեծ ձգտումների ելքերն են: Դա չի կարող իրականացվել միանգամից և ամբողջությամբ. կարելի է միայն անընդհատ ուժեր ուղղել դեպի ոգեշնչող նախագծերը և սպասել ցանկալի արդյունքին»,-ասաց հոգեբանը։
Հոգեբանի խոսքով, սա փոքր քայլերից բաղկացած ուղի է, որն անընդհատ քիչ է թվում, սակայն մեզ առաջ է տանում՝ բացահայտելու սեփական նպատակի ուղղությունը:
Իսկ ինչպե՞ս է կյանքի նպատակ ունենալն ազդում առողջության և բարեկեցության վրա՝ Մերի Հարությունյանն ունի իր տեսակետը․
Նպատակի հնարավոր կապերը կյանքի տարբեր ասպեկտների հետ
Ճանաչողական ներգրավվածություն. Նպատակ չունեցող մարդիկ պարզապես ճանաչողականորեն ներգրավված չեն: Սա փոքր-ինչ մեծացնում է անցանկալի հետևանքների վտանգը՝ հոգեկան և ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրներ, կյանքի կարճ տևողություն և այլն։ Երբ մարդն իր առջև նպատակ է դնում կամ գնում երազանքներն իրականացնելու ճանապարհով, առօրյան նույնպես առավել նպատակաուղղված է լինում։
Վերջնական նպատակներ. Կան տարբեր տեսություններ այն մասին, թե ինչու են մարդիկ որոշակի գործերով զբաղվում և ձգտում հասնել ինչ-որ կետի: Կարելի է եզրակացնել, որ կարիքները պայմանավորված են ավելի բարձր կարգի գործոնով՝ նպատակով։
Հոգեբանի խոսքով, նպատակ ունենալով՝ մարդիկ ավելի լավ են գիտակցում իրենց ներքին արժեքները, հետաքրքրությունները և ձգտումները։
«Միևնույն ժամանակ, կյանքի նպատակը պարտադիր չէ, որ ենթադրի ինչ-որ շոշափելի արդյունք։ Բայց դա մղում է մեզ ձգտելու ավելի փոքր վերջնական նպատակների: Դրանք կարող են ձևավորել անձի մասնակի պատկերը: Իսկ այն ամբողջությամբ հասկանալու համար պետք է վերլուծել ավելի բարձր մակարդակի մի գործոն՝ նրա հիմնական կյանքի ձգտումը»,- ասաց նա։
Վարքագծի կայունություն. Կյանքի նպատակը դրդապատճառ է վարքի կայունության համար: Այն օգնում է հաղթահարել խոչընդոտները, այլընտրանքներ փնտրել և կենտրոնանալ հիմնական մտադրության վրա, նույնիսկ երբ արտաքին աշխարհում ինչ-որ բան փոխվում է:
Արտաքին միջավայր և սթրես. Շատ կարևոր է մարդու փոխազդեցությունը շրջակա միջավայրի հետ: Որոշակի պայմաններում կյանքի նպատակը կարող է անշահավետ դառնալ։ Իսկ որոշ դեպքերում միջավայրը կարող է խանգարել շարժվել դեպի նպատակը, ինչը մեծ սթրես է առաջացնում:
«Հենց նպատակի առկայությունը, հավանաբար, հանգեցնում է նրան, որ մարդիկ ավելի շատ հոգեբանական և ֆիզիկական սթրես են զգում, երբ դրան հասնելու ճանապարհին արգելքների են հանդիպում: Այնուամենայնիվ, սթրեսի արձագանքը նվազում է, երբ շրջակա միջավայրի պայմաններն ավելի բարենպաստ են»,- ասաց հոգեբանը:
Մերի Հարությունյանն անդրադարձավ նաև մի շատ կարևոր կետի, որը ևս կանխորոշում է մարդու և նպատակի միջև ընկած քայլերի հաջորդականությունը.
Կրոն և առողջություն. Կյանքի նպատակների շատ ուսումնասիրություններ սահմանափակվում են կրոնի և հոգևորի կապով: Մարդկանց մեծամասնությունը կրոնին ծանոթանում է մանկության տարիներին՝ ծնողների ազդեցությամբ: Նրանց համոզմունքները պայմանավորված են մեծերի դաստիարակությամբ և ընդօրինակմամբ, ոչ թե ներքին հատկանիշներով։ Հետևաբար, վաղ ձեռք բերված կրոնական պատկանելությունը կարող է կյանքի նպատակ ձևավորել, կամ փոխել պատճառահետևանքային կապը՝ նպատակն է որոշում կրոնականությունը։
Հոգեբանն ավելացրեց, որ վերջինս անուղղակիորեն կապված է նաև ֆիզիկական և հոգեկան առողջության հետ։ Միևնույն ժամանակ, կյանքի նպատակը նրանց միջև ծառայում է որպես միջնորդ։
Անհատական տարբերություններ. Կան պայմաններ, որոնք անհնարին են դարձնում որոշ մարդկանց կյանքի նպատակ ունենալը: Դրանցից ամենահավանականը մտավոր ունակությունների նվազումն է։ Այդ թվում՝ ուղեղի վնասվածքների, հիվանդությունների (օրինակ՝ դեմենցիայի) կամ ալկոհոլիզմի հետևանքով առաջացածները։
«Մարդը, ով ի վիճակի չէ հասկանալ վերացական հասկացությունները, դժվարանում է նպատակ ձևավորել։ Այն պահանջում է խորաթափանցություն, ներդաշնակություն և պլանավորում:
Այնուամենայնիվ, մարդիկ, ովքեր նպատակ չունեն, կարող են երջանիկ և արդյունավետ կյանքով ապրել։ Բայց դրա բացակայության գիտակցումը, ընդհակառակը, կարող է հանգեցնել տառապանքի։ Ի վերջո, նպատակ ձևակերպելու ունակությունը չի երաշխավորում, որ մարդը կձգտի դրան»,- զրույցն ավարտեց հոգեբանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։