01/04/2023 21:01
Համարձակ ժպիտի գրավականը. Այն ամենն, ինչ պետք է իմանալ վինիրներ տեղադրելիս
Վերջին շրջանում էսթետիկ ատամնաբուժության մեջ լայն տարածում գտած վինիրների տեղադրումը շատերի մոտ հակասական կարծիքներ և հարցեր է առաջացնում, սակայն պետք է խոստովանել, որ դրանից վինիրների տեղադրման պահանջարկը չի տուժում։
Ատամնաբույժին հաճախ տրվող հարցերից են.
Արդյոք ցավո՞տ է վինիրների տեղադրումը
Ճիշտ և զգույշ աշխատանքի դեպքում տեղադրումը ցավոտ չէ:
Վնասո՞ւմ են վինիրները ատամների էմալը
Էմալը որոշ չափով հղկվում է, բայց որպես օրենք և՛ եզրերը, և՛ վինիրի ամբողջ մակերեսը, ցանկալի է, որ ավարտվի էմալի մակարդակի վրա:
Պարտադի՞ր է արդյոք վինիրների պատրաստման ժամանակ հեռացնել ատամի նյարդը
Նյարդի հեռացումը պարտադիր պայման չէ: Եթե հիմնարանային ատամը թեքված չէ մեծ անկյան տակ, և օրթոպեդիկ բուժում չի ներառվելու, ապա կակղանազերծում չի իրականացվում:
Որքա՞ն երկար են ծառայում վինիրները
Ժամանակակից լուծումներով վինիրները ծառայում են բավականին երկար: Դրանք ադհեզիվ կառույցներ են, և եթե օկլուզիոն խնդիրներ չեն առաջանում, պացիենտը ճիշտ է օգտագործում և խնամում, հետևում է բժշկի տված ցուցումներին, ուրեմն երկար ժամանակ խնդիր չի ունենա:
Կարելի՞ է կոշտ սնունդ ընդունել
Կոշտ սննդի ընդունումը չի արգելվում, բայց պետք է հիշել, որ ցուցված չէ: Պետք է զգույշ լինել նաև լավաշը կծելիս և ծամելիս, քանի որ այն կարող է մակերեսային շերտը անջատել հիմքի շերտից: Այս դեպքերում անհրաժեշտ է խուսափել անջատող շարժումներ կատարելուց, որոնք կարող են վերտիկալ ուժի ազդեցությամբ պոկել վինիրը:
Կա՞ն վինիրների տեղադրման հակացուցումներ
Ցանկալի չէ ատամը երեսպատել վինիրով, եթե մեծ է ախտահարման մակերեսը և եթե առկա են գունափոխված ատամներ․ վինիրը շատ բարակ և թափանցիկ շերտ է, որով շատ հաճախ հիմքի մուգ գույնը ծածկել չի հաջողվում:
Վինիրները փոխո՞ւմ են արդյոք ուտելիքի համը
Վինիրը ունակ չէ փոխել ուտելիքի համը, սա պարզապես տարածված միֆ է։
Ի՞նչ խնամք են պահանջում վինիրները
Վինիրները՝ ինչպես ատամները, մաքրում ենք նույն սկզբունքով: Միջատամնային տարածությունները մաքրում ենք ֆլոսերով, եթե մեծ են տարածությունները՝ միջատամնային խոզանակներով և սովորաբար փոքր աբրազիվության ատամի մածուկով և խոզանակով:
Հնարավո՞ր է վինիր տեղադրել միայն մեկ ատամի վրա
Վինիրի տեղադրման նման մոտեցում ևս հնարավոր է, պարզապես այն մասնագետը, ով իրականացնում է աշխատանքը, պետք է կատարի բարձր վարպետությամբ և կարողանա վերարտադրել հարևան ատամների գույնը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։