01/04/2023 17:01
Որոշ ռազմականացված ՀԿ-ներից ինչ-որ մարդիկ մի օր կարող են կրակել այլ ուղղությամբ՝ ոչ թուրքերի. Ալեն Ղևոնդյան (Տեսանյութ)
Հայաստանում որոշ ռազմականացված կամ կիսառազմականացված կազմակերպություններից ինչ-որ մարդիկ՝ մանիպուլացված լինելով, մի օր կարող են կրակել ոչ այն ուղղությամբ, որ պետք է. այդ կրակոցի համար շատ թանկ կարող ենք վճարել, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանը։
«Հայաստանում տեղի են ունենում մի շարք հանրային գործընթացներ, որ բավական դրական փաթեթավորում, նպատակադրում ունեն՝ ռազմահայրենասիրական, ինքնապաշտպանական։ Այդպիսի կազմակերպություններում ներգրավված մարդկանց մեծ մասն ունի խիստ ազնիվ մղումներ, բայց այդ մարդկանց որոշ շրջանակներ կարող են մանիպուլացնել և վտանգավոր գործընթացների ներքաշել», - ասել է նա։
Ալեն Ղևոնդյանի գնահատմամբ՝ երկրում կան կառուցներ, որոնց նպատակը ոչ թե իրականում Հայաստանի խնդիրները լուծելն է, այլ՝ Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելը։ Ըստ Ղևոնդյանի, ռուսական ազդեցությունը Հայաստանում չեզոքացնելու համար պետք են լեգիտիմ պատճառներ, ինչը ենթադրում է, որ սադրանքների պակաս չի լինելու։
«Մենք Ռուսաստանի համար տարածաշրջանում ավելի շատ խնդիրներ ենք ստեղծում, քան լուծումների բանալիներ տալիս։ Դա չի նշանակում, թե Ռուսաստանին պետք չենք, իհարկե պետք ենք. կան պատմական և արժեքային ընդհանրություններ, շահեր։ Ռեալ պոլիտիկը ենթադրում է հակառուսական սադրանքներին չտրվել. առաջարկում եմ չմտածել՝ ռուսները ճիշտ են, թե սխալ. մենք մեր շահերի մասին պիտի մտածենք», - նշել է Ղևոնդյանը։