01/04/2023 17:13
Պենտագոնում վերանայում են արսենալը՝ «անկանխատեսելի իրավիճակներին» պատրաստ լինելու համար
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերագնահատում ու վերանայում է զենքն ու զինամթերքը, որոնք երկրին կարող են անհրաժեշտ լինել «անկանխատեսելի իրավիճակներ» ծագելու դեպքում, Defense One պարբերականին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին։
«Վերանայում ենք մեր բոլոր հաշվարկներն ու գնահատականները՝ այն առանցքային զինամթերքների ու սպառազինությունների մասով, որոնք անհրաժեշտ են անկախատեսելի իրավիճակների դեպքում»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով ապագայում նոր հակամարտությունների հնարավորության մասին հարցին։
Բարձրաստիճան զինվորականի գնահատմամբ՝ Պենտագոնի բոլոր կարիքները բավարարելու համար ժամանակ է հարկավոր։
«Հնարավոր անկանխատեսելի հանգամանքների մի քանի նախանշաններ ու ազդակներ ենք տեսնում, դրանք, ըստ ամենայնի, ժամանակի ընթացքում ավելի ակնհայտ կդառնան, այդ ամենը հրաշքով ու հանկարծակի տեղի չի ունենալու, բայց թանկ է նստելու մեզ վրա։ Այդ պատճառով պետք է նպատակաուղղված ծրագիր լինի։ Դրա համար, հավանաբար, մի քանի տարի անհրաժեշտ կլինի։ Այսօր ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ունի բավականաչափ սպառազինություն ու զինամթերք՝ անհրաժեշտ խնդիրներն իրականացնելու համար, բայց եթե խոսքը հզոր տերությունների միջև լուրջ պատերազմի մասին է, ապա չպետք է թերագնահատենք, թե որքան զինամթերք մեզ անհրաժեշտ կլինի»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։