01/04/2023 18:21
Հակոբ Արշակյանը վստահեցնում է՝ Հայաստանի իշխող կուսակցությունը և թիմը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մտադրություն չունի
Այն բանից հետո, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակված որոշմամբ արձանագրեց, որ Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, Ռուսաստանը մտահոգություններ հայտնեց, տեղ գտան նաև մեկնաբանություններ, որ դա Հայաստանի արձագանքն է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կալանքի օրդերի արձակմանը։
Խնդրի առնչությամբ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մեկնաբանել է այս հարցի շուրջ իշխող խմբակցության պատգամավորի հայտարարություններից մեկը։
«Արմենպրես» - Իշխող խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ Հռոմի կանոնադրության վավերացումից հետո եթե ՌԴ նախագահը այցելի Հայաստան, կձերբակալվի։
Հակոբ Արշակյան - Մինչ իշխող խմբակցության պատգամավորի հայտարարությունը նմանատիպ հրապարակումներ կային ռուսական մամուլում: Սա չի նշանակում, թե ռուսական մամուլը դրանով իր ցանկություններն էր արտահայտում: Կարծում եմ՝ մեր խմբակցության պատգամավորը տպավորվել է ռուսական մամուլի եւ սոցիալական ցանցերի հրապարակումներից, ինչի համար ցավում եմ: Բնականաբար՝ իշխող կուսակցությունը եւ թիմը նման մտադրություն կամ ցանկություն չունի:
«Արմենպրես» - Բայց խնդիրն այն է, որ եթե Հռոմի կանոնադրությունը վավերացվի, դա կլինի անխուսափելի:
- Դա սխալ ընկալում է, որովհետեւ հենց այսօր մենք ունենք ստորագրված համաձայնագիր այլ երկրի հետ, համաձայն որի Հռոմի կանոնադրությունը մեր երկկողմ հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենալու: Նման կարգավորում կարող է լինել եւ Ռուսաստանի հետ: Բայց սա տարբերակներից ընդամենը մեկն է: Այլ տարբերակներ նույնպես կան: Մի բան ակնհայտ է, որ Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները մենք լսել ենք, եւ կարծում եմ կկարողանանք այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին: