01/04/2023 19:06
«Երկրների կառավարությունները չպետք է որոշեն, թե որ մարզիկները կարող են մասնակցել միջազգային մրցումներին»․ ՄՕԿ
2024 թվականին Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերը բոյկոտելը միայն վնաս կհասցնի ուկրաինական սպարտին, հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ արձագանքելով Ուկրաինայի այն հայտարարությանը, որ ռուս և բելառուս մարզիկներին ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվություն տալու դեպքում ուկրաինացի մարզիկները կբոյկոտեն օլիմպիադան։
Ավելի վաղ նման հայտարարություն է հնչեցրել Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Օլեգ Նեմչինովը, ով նաև Ուկրաինայի նախարարների կաբինետի անդամ է։ Վերջինս, մասնավորապես, ասել է, որ ուկրաինացի մարզիկները չեն մասնակցի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի ընտրական մրցումներին, եթե դրանց մասնակցեն նաև ռուս մարմնամարզիկները։
«Այդ որոշումը միայն վնաս կհասցնի Ուկրաինայի սպորտային համայնքին։ Միջազգային օլիմպիական կոմիտեն միշտ այն դիրքորոշմանն է եղել, որ երկրների կառավարությունները չպետք է որոշեն, թե որ մարզիկները կարող են մասնակցել միջազգային մրցումներին»,- նշված է ՄՕԿ հայտարարությունում։
Նշենք, որ մարտի 28-ին ՄՕԿ գործադիր կոմիտեն առաջարկել էր ռուս և բելառուս այն մարզիկներին, որոնք հանրայնորեն չեն աջակցել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացմանն ու կապ չունեն զինված ուժերի կամ անվտանգության մարմինների հետ, թույլ տալ մասնակցել միջազգային մրցաշարերի՝ չեզոք կարգավիճակում։ Ընդ որում, ռուս և բելառուս մարզիկները չպետք է ներկայացված լինեն թիմային մարզաձևերում։
2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության մասին հստակ որոշում ՄՕԿ-ը կկայացնի ավելի ուշ։