01/04/2023 20:50
Եվրահանձնաժողովի ղեկավարին առաջարկել են դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի մի քանի անդամ պետություններ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին առաջարկել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորություններն ավարտվելուց հետո գլխավորել Հյուսիսատլանտյան դաշինքը, հայտնել է բրիտանական The Sun պարբերականը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարումը ավարտվելու է 2023 թվականի սեպտեմբերին։ Նա չի պատրաստվում հասնել իր պաշտոնավարման երկարաձգմանը, չնայած այդպիսի հորդորներ հնչել են։ Ինչ վերաբերում է Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ապա Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում նրա իրավասություններն ավարտվելու են միայն 2024 թվականին։
The Sun պարբերականի համաձայն՝ Մեծ Բրիտանիան պատրաստվում է վետո դնել ՆԱՏՕ-ում ֆոն դեր Լայենի թեկնածության դեմ՝ դա հիմնավորելով այն հանգամանքով, որ 2013-19 թվականներին նա, որպես Գերմանիայի պաշտպանության նախարար, թերացել է իր գործունեությունում։ Բացի այդ, պարբերականի տեղեկություններով, Մեծ Բրիտանիայի պաշտպանության գործող նախարար Բեն Ուոլլեսը նույնպես հավակնություններ ունի գլխավորելու ՆԱՏՕ-ն և առաջադրելու է իր թեկնածությունը։
Նշենք նաև, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշանակվում է ոչ թե ընտրությունների արդյունքով, այլ դաշինքի անդամ բոլոր 30 պետությունների միջև ձեռք բերված կոնսենսուսով։