01/04/2023 10:20
«Ժողովուրդ». Դատական համակարգը շունչը պահած սպասում է ԲԴԽ անդամ ընտրելու օրվան՝ ապրիլի 7-ին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգը շունչը պահած սպասում է ապրիլի 7-ին, որպեսզի այդ օրը ընտրեն ԲԴԽ անդամ: Դատական համակարգում խոսակցություններ են առկա, որ եթե քաղաքական իշխանությունը դատավորներին ընտրություններից առաջ չհիշեցնի իրենց արած գործերը կամ անցյալը, ապա դատավորները առանց կաշկանդվածության ձայնը կտան Արշակ Վարդանյանին, իսկ եթե ոչ, ապա դատավորների առաջ իրենց անցյալը դնելով՝ կընտրեն իշխանության ցանկալի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանին:
Նշենք, որ բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից առաջադրվել են միանգամից երկու թեկնածուներ՝ դատավոր Արշակ Վարդանյանը և իշխանության «սրտի թեկնածու» Ռուբիկ Մխիթարյանը: Իհարկե, ԲԴԽ-ն ամեն ինչ անում է, որ անդամ դառնա իրենց «սրտի թեկնածուն», իսկ դատական համակարգի զգալի մասը մյուս՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի կողմն է, որը աչքի է ընկել իր համարձակ որոշումներով: Մասնավորապես, օրերս Արշակ Վարդանյանը որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վթարից մահացած Սոնա Մնացականյանի դեպքով քննությունը իրականացվել է խախտումներով:
Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբիկ Մխիթարյանի համար լոբբինգ է անում Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանը, որը ևս իր թեկնածությունը առաջադրել է ԲԴԽ անդամի թափուր տեղի համար: Ասել է թե՝ դատական համակարգը երկու քարի արանքում է՝ կա՛մ դեմ պետք է գնա ԲԴԽ-ին և ընտրի դատավոր Արշակ Վարդանյանին, կա՛մ ԲԴԽ-ին հաճոյանալու համար ձայնը տա Ռուբիկ Մխիթարյանին: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները դատական համակարգում»։