01/04/2023 10:23
«Փաստ». Իշխանությունների գլխավոր նպատակն է՝ հասնել նրան, որ սեփականատերերը «զզվեն» ու պարզապես ձեռք քաշեն Ոսկերչական գործարանից
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին ուշագրավ և, միևնույն ժամանակ, շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Երևանի ոսկերչական գործարանի շուրջ՝ քրեական գործեր, ապրանքի առգրավում, տարաբնույթ ճնշումներ և այլն: Ամեն ինչ սկսվել է նախորդ տարի, երբ գործարան են ներխուժել իրավապահ համակարգի ներկայացուցիչները և, «մասկի շոուի», «բռնեմ, փռեմ ասֆալտին» ոճի բոլոր «կանոններով» բերման ենթարկել գործարանի 83-ամյա տնօրենին: Խոսքը Հայաստանի ոսկերչության «ակսակալներից» մեկի՝ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող, ողջ կյանքը բնագավառի զարգացմանը նվիրած Էմիլ Գրիգորյանի մասին է:
Ընդ որում, մեր տեղեկություններով, նրա նկատմամբ իրականացվել է բռնություն: Սակայն այս ամենով «ոդիսականը» չի ավարտվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գրիգորյանին բավական թափանցիկ ակնարկներ են արվել՝ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով՝ կապված գործարանի հետ: Էմիլ Գրիգորյանը հրաժարվել է ցանկացած տեսակի գործարքից, արդյունքում կալանավորվել է: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, կփորձենք ճշտել, ինչպես ասում են, առաջին ձեռքից: Պարզապես նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, դեռևս 2016 թ.-ին հարուցված է եղել քաղաքացիական գործ. իբր Ոսկերչական գործարանը պետությանը 1 մլրդ 90 մլն դրամի չափով գումար է պարտք:
Երեք ատյանի դատարաններին էլ բավարար ապացույցներ և փաստեր այս մասով չեն ներկայացվել, և վերջին ատյանի դատարանի՝ ուժի մեջ մտած որոշմամբ արձանագրվել է, որ գործարանը որևէ մեկին, առավել ևս՝ պետությանը, ոչինչ պարտք չէ: Սակայն այդպիսի որոշումից հետո, ի հակառակ ողջամիտ տրամաբանության և փաստացի ոտնահարելով օրենքը, 2021 թ.-ին, իբր նոր հանգամանքների ի հայտ գալով, արդեն քրեական գործ է հարուցվել գործարանի տնօրենի դեմ: Եվ սկսվել է գրոհների նոր շարք:
Ի մասնավորի, կալանք է դրվել գործարանի բանկային հաշիվների վրա, երեք խանութներից առգրավվել է շուրջ 400 մլն դրամի ապրանք: Դատական հինգ որոշում կա, ընդհուպ՝ Վճռաբեկ դատարանի, որոնց համաձայն, ապրանքը պետք է վերադարձվի գործարանին, սակայն այն ոչ միայն չի վերադարձվել, այլ հակառակը՝ քրգործում իրեղեն ապացույց է դարձել, ինչը իրավաբանները համարում են ոչ օրինական: Այս ընթացքում գործարանը մոտ 30 աշխատակից է կորցրել, հաճախորդներ ու գործընկերներ և հիմա սպասում է դատական հերթական նիստերին:
Թե ինչու են այս գործարանի շուրջ նման իրադարձություններ տեղի ունենում, իհարկե, կարելի է ենթադրել: Առնվազն առաջին հայացքից տպավորություն է, որ գլխավոր նպատակն է՝ հասնել նրան, որ սեփականատերերը «զզվեն» այս ամենից ու պարզապես ձեռք քաշեն գործարանից: Հաշվի առնելով գործարանի «աշխարհագրական դիրքը»՝ շատ հավանական է, որ ինչ-որ շրջանակներ աչք ունեն գործարանի վրա, բայց ոչ թե որպես աշխատող կառույց, այլ շենք-շինություն: Իսկ թե ինչի կարող է վերածվել այդ տարածքը նման պարագայում, դժվար չէ պատկերացնել»։