03/04/2023 21:15
Չինաստանը պատրաստակամություն է հայտնել աշխարհաքաղաքական բարդ փոփոխությունների պայմաններում զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի և Հնդկաստանի հետ
Չինաստանը պատրաստակամություն է հայտնում զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի և Հնդկաստանի, ինչպես նաև միջազգային հանրության հետ՝ միջազգային ասպարեզում խորը և բարդ փոփոխությունների ֆոնին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգին, որում հատուկ նշանակություն է տրվում Չինաստանի և Հնդկաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է մարտի 31-ին։
«Չինաստանը, Ռուսաստանը և Հնդկաստանը խոշոր, ազդեցիկ, զարգացող երկրներ են։ Համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում խորը և բարդ փոփոխությունների ֆոնին մենք պատրաստ ենք ամրապնդել կապերը Ռուսաստանի և Հնդկաստանի, նաև միջազգային հանրության հետ»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Պեկինը պատրաստ է իր գործընկերների հետ ազդակ ուղարկել աշխարհին՝ իրական բազմակողմանիությունը պահպանելու և գլոբալ մարտահրավերներին համատեղ դիմակայելու անհրաժեշտության մասին։