03/04/2023 10:40
ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան. Ալեն Սիմոնյանը՝ Կասկադում իր մասնակցությամբ միջադեպի մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է երեկ իր մասնակցությամբ Կասկադում տեղի ունեցած միջադեպին։
Նա նշել է, որ երեկ մի դեպք է տեղի ունեցել, որի շուրջ շատերը փորձել են «ձեռքերը տաքացնել»:
«Է՛լ 30-40 անվտանգության աշխատակից, է՛լ բռնանալ, է՛լ իմ դուխից խոսալ, է՛լ տեղի ունեցածին գնահատական տալ: Ինչքան «հին մեռել» կար և վերակենդանանալու հույս ունեցող ճամբարափոխ՝ շանսը բաց չթողեց իր հեղինակավոր կարծիքն ասելու՝ իզուր։
Նախ միշտ, անկախ իմ դիրքից, թե՛ քաղաքապետարանում, թե՛ փողոցային պայքարում, թե՛ հետագայում, կարծես առիթ չեմ տվել մտածելու, որ ինձ պետք է պաշտոն կամ անվտանգություն, որ իմ ասելիքն ասեմ կամ անեմ: Դրա ապացույցները շատ են:
Ինչ վերաբերում է օտարերկրացի այդ դաշնակցականի տղուն, ով հպարտանում է, որ ՀՀ ԱԺ նախագահ է տեսել շատ մոտիկից, ասեմ, որ երիտասարդն առաջին անգամ չէ, որ վիրավորանք է հնչեցնում. առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը»,- Facebook-ում գրել է Սիմոնյանը։
Նա պնդել է՝ 30-40 անվտանգության աշխատկից չունի, բայց շեշտել է. ««Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու. ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»:
«Հա, մի բան էլ, ինչպես հիմա եք վազելով մեզ խփում կամ վիրավորում, փախնում, հետո եթեր մտնում լուսանկարվում կամ ֆեյք էջերով վիրավորանքներ գրում, այնպես էլ հետո եք վազելու, գուցե շատ ավելի արագ, դա է ձեր տեսակը, իսկ ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք», - հավելել է ԱԺ նախագահը։
Հիշեցնենք՝ երեկ Կասկադում աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։
Հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, տեսնելով Ալեն Սիմոնյանին, ասել է «դավաճան», որից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է բռնել քաղաքացու ձեռքերը։ Թիկնապահները կատարել են Ալեն Սիմոնյանի հրահանգը, իսկ վերջինս մոտեցել է քաղաքացուն, հայհոյանք հնչեցրել և թքել քաղաքացու վրա։