03/04/2023 22:05
Ի՞նչ անել, եթե տնային կենդանին կծել է․ ինչպե՞ս կանխարգելել բակտերիալ վարակը
Կենդանու կողմից կծելու հետևանքով մարդու մաշկի վրա կարող են վնասվածքներ առաջանալ, շների և կատուների կծածից հետո կարող են նաև առողջական խնդիրներ առաջանալ։
Կծելուց հետո սովորաբար առաջանում են փոքր վերքեր, սակայն կենդանու թքի կամ լորձի միջոցով բակտերիաները կարող են անցնել վերքի մեջ, որտեղից էլ՝ արյան հուն՝ առաջացնելով տեղային կամ ընդհանուր վարակային բարդություններ։
Կենդանու կծելու հետևանքով հաճախ առաջանում են հետևյալ տեսակի վնասվածքները՝
ծակած վերքեր,
պատռված վերքեր,
կտրված վերքեր,
արյունազեղումներ, կապտուկներ և այտուց։
Հնարավոր են նաև կծելու հետևանքով առաջացած վերքի վարակման նշաններ, որոնցից են՝
այտուց,
կարմրություն,
վերքի հարակից հյուսվածքների լարվածություն կամ պնդություն,
վերքի ցավոտության սաստկացում,
վերքից արտադրություն,
վնասված հատվածի ավշային հանգույցների այտուցվածություն,
ծանր դեպքերում՝ դող-սարսուռ և մարմնի ջերմաստիճանի բարձրացում (38°C և ավելի բարձր)։
Շունը կարող է կծել, եթե՝
հրահրված է, սթրեսի է ենթարկվել կամ վախեցած է
հոգ է տանում իր ձագերի մասին և անհանգստացած է,
վատառողջ է կամ ցավացող տեղ ունի,
անակնկալ ձևով ընդհատվել է նրա սնունդ ընդունելը կամ քունը,
խաղի ընթացքում դարձել է գերգրգռված կամ գերակտիվ։
Կատվի կծելուց հետո սովորաբար առաջանում են միայն փոքր վնասվածքներ, սակայն կարող է բարձրանալ վարակային բարդության ռիսկը։ Կատուներն ունեն փոքր սրածայր ատամներ, ուստի կծելիս կարող են առաջացնել խորը ծակած վերքեր։
Կատվի կծելուց հետո վնասվածքներ հիմնականում առաջանում են դաստակին և ձեռքերին, սակայն երեխաների պարագայում չի բացառվում նաև դեմքի կամ պարանոցի շրջանի վնասվածքները։
Հիմնականում, սակայն, կենդանիների կծելուց հետո վարակի կանխարգելման միջոց ստանդարտ հակաբիոտիկ ստանալու անհրաժեշտություն չի ծագում։
Հակաբիոտիկներ բժշկի հետ խորհրդակցելուց հետո կարելի է ընդունել, եթե՝
առաջացած վերքը խորը ծակած բնույթի է,
վնասված հատվածը ոսկրին կամ հոդին խիստ մոտ է գտնվում (հատկապես պրոթեզավորված հոդի դեպքում),
առկա են բուժման կամ արյան շրջանառության հետ կապված խնդիրներ,
վնասված հատվածը դեմքի կամ սեռական օրգանների շրջանում է,
կան օրգանիզմի դիմադրողականության հետ կապված խնդիրներ (օրինակ՝ քրոնիկ ձգձգվող հիվանդություններ, ՄԻԱՎ-ՁԻԱՀ և այլն)։
Կծելուց հետո մարդու արյան մեջ կարող է անցնել տետանուս բակտերիան, որը հիմնականում մուտք է գործում վնասված մաշկով և արտադրում է թույն, ազդում է մկանների կծկման վրա և առաջացնում բնորոշ ախտանիշներ (ծամիչ մկանների սպազմ կամ տրիզմ), իսկ ծանր դեպքերում կարող է ունենալ մահացու ելք։
Եթե կենդանու կծելու հետևանքով մարդու մաշկի ամբողջականությունը վնասված է, բժիշկն, ամենայն հավանականությամբ, խորհուրդ կտա հակատոքսիկ անատոքսինի և շիճուկի ներարկում։
Կարելի է հեշտությամբ բուժել փոքր վերքերը կամ կտրվածքները։ Սակայն, մեծ կամ խորը վերքերի դեպքում անհրաժեշտ է իրականացնել դրանց վիրաբուժական մշակում և հսկողություն (վիրակապություններ, դեղերի նշանակում և այլն)։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։