03/04/2023 14:49
Ակնկալում ենք մեր գործընկերներից անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում՝ ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանն արձանագրվել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը հայ-լեհական միջպետական հարաբերություններում կարեւոր ձեւաչափ է` առանձնացնելով երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ փոխգործակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Խոսելով 2023 թվականին Լեհաստանում կայանալիք ընտրություններից` լեհ գործընկերները հավաստիացրել են, որ դրանք ազդեցություն չեն ունենալու Հայաստանի հետ իրականացվելիք համագործակցության եւ օրակարգային հարցերի վրա. մասնավորեցվել է հատկապես հայ-լեհական համագործակցությունը Հայաստան-ԵՄ շրջանակում: Լեհ գործընկերները նշել են, որ Հայաստանը համարում են եվրաընտանիքի անդամ եւ հետեւում են մեր երկրում կատարվող քայլերին:
Կողմերը մեծ նշանակություն են տվել նաեւ միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակում երկու բարեկամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների միջեւ կառուցողական փոխգործակցությանը:
ՀՀ ԱԺ նախագահն առանձնահատուկ կարեւորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ սահմանին, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման եւ տեղում վստահության ձեւավորման առումով: «Տեղյակ ենք նաեւ, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ասել է նա:
Եզրափակելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին եւ հույս ունի, որ Ադրբեջանը նույնպես իր գործողություններն ու հռետորաբանությունը կհամապատասխանեցնի մեր տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության իր հայտարարած նպատակին: Այս համատեքստում նա հիշատակել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատի ընդունած բանաձեւը, որում կոչ է արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների: «Մենք ակնկալում ենք մեր գործընկերներից անօրինական եւ անմարդկային գործողությունների դատապարտում` ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահը Ալեն Սիմոնյանին է փոխանցել Լեհաստանի Սեյմի նախագահի` Լեհաստան պաշտոնական այցի հրավերը: