03/04/2023 12:25
Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը թող հասկանան՝ մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր հիշեցնելու են, թե ովքեր են իրենք և երկիրն ինչ օրի են հասցրել. Սաղաթելյան
Իրենք՝ Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը, պետք է մի բան հասկանան. կլինի Երևանի կենտրոնում, Հայաստանի հեռավոր գյուղերում կամ Հայաստանի սահմաններից դուրս, մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր հիշեցնելու են, թե ովքեր են իրենք և երկիրն ինչ օրի են հասցրել, Ձերբակալվածների պահման վայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Աշոտ Փաշինյանի՝ հարձակման ենթարկվելու փաստին, ասել է, թե դրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու, Սաղաթելյանն արձագանքեց.
«Երեկվա հոխորտալուց հետո, հավանաբար, Ալեն Սիմոնյանը հասկացել է, որ հակառակ ազդեցությունն ունեցավ, այսօր էլ փորձում է ներկայանալ զոհի կարգավիճակով։
Իրենց բոլոր հակազդեցությունները՝ նման դեպքերին պատասխանել բռնություններով, ինչպես երեկ տեղի ունեցավ, և ինչպես ոչ օրինաչափ կերպով կալանքի տակ էր գտնվում Մհեր Սահակյանը, ունենալու են հակառակ ազդեցություն»։
Պատգամավորն ասաց, թե միայն ուրախ կլինեն, որ այդ ամենը ունենա քաղաքական և իրավական հետևանքներ, ինչպես հայտարարում են իշխանությունները։
«Մենք շատ ուրախ կլինենք, եթե Հայաստանում լիներ օրենք, ու եթե այդ ամեն ինչը քաղաքական ու իրավական հետևանք ունենար, այսօր Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու այդ խմբակը հայտնված կլինեին բանտում՝ այս ժողովրդին բերած աղետի համար»։