03/04/2023 18:25
Եհովայի վկաները Վազգեն Սարգսյանի արձանի մոտ քարոզում են՝ «զենք բռնելը մեղք է, բանակում ծառայել պետք չէ»․ Մասյացոտնի թեմի առաջնորդն ահազանգում է անվտանգային սպառնալիքի մասին
Ազգային անվտանգության ծառայությունը անհանգստանալու առիթ ունի․ եհովականների ագրեսիվացող քարոզչությունը մեծ սպառնալիք է Հայրենիքի պաշտպանության, երկրի սահմանների ամրությունը երաշխավորող բանակի համար, երեկ Արարատի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցում Ծաղկազարդի միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասել է Արարատի մարզի հոգևոր թեմի (Մասյացոտն) առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ ընդգծելով՝ ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները լուրջ անելիք ունեն հիմա, աղանդավորները նորից ակտիվացել են, սահմանամերձ համայնքներում են, սկսել են թիրախավորել ու սպառնում են անգամ Հայ Առաքելական եկեղեցու քահանաներին։
Եպիսկոպոսի խոսքով՝ իրավապահ մարմինները դեռևս ընթացք չեն տվել Տեր Զարեհ քահանա Աշուրյանի նկատմամբ եհովականների կազմակերպած սոցցանցային արշավին և անձնական նամակներով հնչեցրած սպառնալիքներին։
Միջադեպն անցած շաբաթ է տեղի ունեցել Արարատ քաղաքում՝ եկեղեցու քահանայի և եհովականների մասնակցությամբ։ Պատճառը քահանայի հարցադրումներն են եղել Եհովայի վկաներին՝ բանակում չծառայելու վերաբերյալ, ինչը վրդովվեցրել է աղանդավորներին, միջադեպն ավարտվել է կողմերին ոստիկանություն բերման ենթարկելով։
Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքով ՝ այս աղանդի քարոզիչների ագրեսիվ վարքագիծը պատահական չէ հիմա․ պետությունը ներքին ցանցերով ջլատելու ռիսկ կա, մանավանդ, որ Եհովականների ուսմունքը քարոզում է բանակում չծառայել, զենք չվերցնել։
«Հայաստանն այս պահին գտնվում է ծանր վիճակում, անգամ պաշտոնական հայտարարություններ կան պատերազմի անխուսափելիության վերաբերյալ, և այդ համապատկերում Եհովայի վկաները մեր բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանի արձանի մոտ քարոզում են, որ զենք բռնելը մեղք է, որ բանակում ծառայելն անհրաժեշտ չէ, որը բացահայտ սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը, սպառնալիք է մեր ազգի գոյությանը»,- ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդը։
Եկեղեցին որպես մոլորյալների է վերաբերվում նշված անձանց, քահանան նույնիսկ փորձել է նրանց մոտ գիտակցություն արթնացնել։
«Սակայն այսօր նրանք գործում են որպես ներքին թշնամի։ Չէի ուզենա պիտակավորել, բայց նրանց գործողությունները մեզ համար հավասարազոր են ներքին թշնամու գործողությունների»,-ընդգծել է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում